Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգներից օգնություն զոհվածների ընտանիքներին ու վիրավոր Արման Լազգիյանին

Հունիս 20,2016 08:06

«Մենք ավելի անպատրաստ էինք ու ավելի համախմբված եղանք պատերազմի ընթացքում, երբ կողքի դրացին` ադրբեջանցի կոչվածը, հարձակում գործեց: Հենց այդ օրերին ես, Արաբոն ու Աղասին հրավեր ունեինք Եվրոպայից` ազգային երգերով հանդես գալու: Ապրիլյան պատերազմի ֆոնին համերգների թիվն ավելացան: Նորվեգիան և Շվեդիան ծրագրում չկային: Մեկնելուց հետո ավելացան նաև Գերմանիայում` Քյոլնը, Բելգիայում` Բրյուսելը: Համայնքները կարողացան 20 օրվա մեջ հոծ բազմություն հավաքել»,- մեզ հետ զրույցում պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը:

hamergՀունիսի 18-ին Բեռլինի հայ հանդիսատեսին Ներսիկ, Արաբո և Աղասի Իսպիրյաններն իրենց ազգային, հայրենասիրական երգերով ներկայացան առաջին անգամ: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու ակտիվ մասնակցությունը ակնհայտ էր հենց առաջին կատարումից: Ներկաների մեծամասնությունը, որոնցից շատերն էլ ամենատարբեր քաղաքներից էին եկել Բեռլին, անընդհատ պարում էին: Արդյունքում համերգային ծրագիրն ավարտվեց կեսգիշերն անց: Համերգը կազմակերպել էր տեղի «Երևան» ռեստորանը` Սմբատ Հովսեփյանի ջանքերով:

parԱռաջին վայրը, ուր երգիչները ելույթ են ունեցել, Նորվեգիայում Օսլոյից ոչ հեռու մի փոքր քաղաք է եղել, և մոտ 150 հայ է հավաքվել: «Նոր ձևավորված համայնք էր, ուրախացա, որ համախմբվել էին»,- նշում է Ներսիկ Իսպիրյանը: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Շվեդիայում, որը կազմակերպել է տեղի «Դաշնակցությունը»` մայիս 28-ի առթիվ: Նրանց երրորդ համերգը Հոլանդիայում է կայացել, ուր հոծ հայ բազմություն է ներկա եղել: Այնուհետև Գերմանիայի Քյոլն քաղաքում են նրանք հանդես եկել, հետո` Բելգիայում` Բրյուսելում: Հաջորդողը Բեռլինն էր, իսկ վերջին համերգը կայացավ այսօր` հունիսի 19-ին Համբուրգում:

Nersik Ispiryan«Իմ ունկնդիրը միշտ մեկն է եղել` նա, ով ունի ազգային նկարագիր: Ես չեմ էլ ցանկանում, որ ռաբիս լսողն իմ համերգին գա: Այս շրջագայության ժամանակ թվով մարդաշատը Հոլանդիայի համերգն էր, և ամենուր այն հանդիսատեսն էր, որ ոտքով, գլխով, ձեռքով կապված է հայրենիքի հետ ու ազգային մտածելակերպ ունի, ավանդապաշտ է ու հայապահպան: Մենք քարոզչական աշխատանք ենք կատարում, ես չեմ ուզում գալ այնպիսի երգեր երգելու, որ այդ պահին մարդկանց ուրախացնեմ գնամ, այլ որ ազգայինը փոխանցեմ, որ սովորեն ու հիշեն, արմատներին մոտ կանգնեն»,- նշեց Ներսիկ Իսպիրյանը:

Երգիչը որոշել է համերգային շրջագայության ընթացքում վաստակած գումարի մի որոշակի մասը, որպես օգնություն տրամադրել արցախյան քառօրյա պատերազմում զոհված որոշ զինվորների ընտանիքներին. «Իմ նախաձեռնությամբ զոհված տղերքի ընտանիքներին օգնություն կանեմ: Արդեն որ վերջնական հստակվի մեր վաստակած գումարը, կտեսնեմ, թե ինչքան կկարողանամ, Արաբոյի և Աղասիի հետ կուղարկեմ նրանց ընտանիքներին»:

Բեռլինում տեղի ունեցող համերգի ընթացքում ներկաներից շատերն իմանալով այս մասին, միացան երգչին ու սկսեցին գումար հավաքել: Նախաձեռնությանը միացան մոտ 30 հոգի: Հավաքված գումարը, սակայն հասցեագրված է: Ուղարկվելու է Համբուրգ, որտեղ արդեն երկու շաբաթ բուժում է ստանում արցախյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը:

Իսկ երգիչ Իսպիրյանների համերգային հաջորդ շրջագայությունը ծրագրված է աշնանը: Սեպտեմբերին նրանք կմեկնեն Բոստոն, այնուհետև` Կանադա, նոյեմբերին` Փարիզ:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930