«Ես կարծում եմ այն, ինչ հայերն են անում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում, հիանալի է»
«Բարքեմփ 2016» չկոնֆերանսին ելույթ ունեցան ինչպես հայ զեկուցողներ, այնպես էլ արտասահմանից հյուրերը: Նրանցից «JumpStart Georgia» թբիլիսյան հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էրիկ Բարրեթը, վերջինս միջոցառման ընթացքում ներկայացրեց ինչպես գտնել, տարածել, բացահայտել եւ վիզուալացնել տվյալները:
Aravot.am-ի հետ զրույցում Էրիկ Բարրեթն ասաց, որ իրենց կազմակերպությունը ցանկանում է օգնել լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին, հետազոտություն իրականացնող կազմակերպություններին, քանի որ շատ անգամներ նրանք չգիտեն, որ նման տեղեկատվություն գոյություն ունի, որ այն հասանելի է իրենց համար, եւ իրենք կարող են օգտագործել այդ տվյալները:
Կարդացեք նաև
Էրիկ Բարրթեն արդեն երրորդ անգամ է Հայաստանում. «Ես կարծում եմ այն, ինչ հայերն են անում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում, հիանալի է: Կարծում եմ, ցավալի է, որ շատ անգամ մարդիկ չգիտեն, որ իրենց օգտագործածը լինի՝ ծրագիր, թե համակարգչի բաղկացուցիչ մասեր, Հայաստանից է: Հայաստանը ավելի շատ պետք է հաղորդակցվի եւ ապացուցի մարդկանց, որ Հայաստանը լավ նշանակետ է կազմակերպությունների համար, որպեսզի աշխատեն կամ համագործակցեն տեղացիների հետ»:
Նա համարում է, որ Հայաստանը մեծ ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում, եւ այդ ճանապարհն ընտրելը Հայաստանի համար ճակատագրական է. «Սա աշխարհի ապագան է, ամեն ինչ հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա եւ ունի տեխնիկական բաղադրիչ: Հայաստանը կարող է դրա մեծ մասը լինել եւ պետք է լինի դրա մեծ մասը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ