Հղի կանանց և մանուկների «Կոալա» փառատոնը մեկնարկել է
Ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության հարցում աջակցելու նպատակով հունիսի 18-19-ին Հայաստանի նկարիչների միությունում անցկացվում է «Կոալա» փառատոնը:
Փառատոնը, որը կազմակերպել է «Ինդիգո» մանկական ակումբը «ՓիԷս» փրոդաքշնի հետ համատեղ, առաջին անգամ է անցկացվում:
«Առողջ հղիություն, երջանիկ մանկություն» կարգախոսով փառատոնին կամավոր կերպով միացել են մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ, հոգեբաններ, լոգոպեդ, դիետոլոգ և այլ մասնագետներ, որոնք իրենց խորհուրդներով, անհատական զրույցներով, վարպետության դասերով օգնում են ծնողներին առողջ մանուկներ լույս աշխարհ բերելու և մեծացնելու համար:
Կարդացեք նաև
Փառատոնի ընթացքում մի շարք կազմակերպություններ ցուցահանդես-վաճառքում ներկայացնում են երեխաների և հղի կանանց համար նախատեսված ապրանքներ ու ծառայություններ, որոնց շնորհիվ նրանց կյանքը դառնում է առավել հարմարավետ ու անվտանգ:
«Սովորաբար հղի կանայք շատ հարցեր են ունենում՝ ինչ անել, ում դիմել, ինչ ապրանքներից օգտվել և այլն: Մեզ դուր եկավ այն, որ փառատոնի շրջանակներում ոչ միայն ցուցահանդես-վաճառք է կազմակերպվում, այլև ապագա մայրիկների համար սեմինարներ են անցկացվում, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է ցանկացած կնոջ համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցուցահանդես-վաճառքին մասնակցող Marli toys կազմակերպության մարկետինգի մենեջեր Նունե Զադոյանը:
«Հղիներն ու փոքրիկները միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Պարբերաբար հատուկ նախագծեր ենք կազմակերպում նրանց համար, որպեսզի փոքրիկը մեծանա առողջ, երջանիկ ու ժպիտով»,- մեզ հետ զրույցում նշեց «Այա Մարիա» առողջարանային հանգստի ՍՊԱ կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Խաչիկյանը:
Ցուցահանդես-վաճառքին նաև «Արևիկ» հրատարակչությունն է մասնակցում. «Մանուկների համար նախատեսված գրքերից բացի, ներկայայացնում ենք նաև մի ձայնասկավառակ, որտեղ Անահիտ Պապայանի կատարմամբ հնչում են հայկական լավագույն օրորոցայինները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հրատարակչության վաճառքի մենեջեր Տիգրան Արծրունյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ