Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական վիճակը ՀՀ-ում՝ արտացոլված դպրոցական օլիմպիադաների արդյունքներում

Հունիս 19,2016 10:37

Օրերս ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնեց ԿԳՆ առաջին կարգի դիպլոմները:

Այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և ԼՂՀ-ի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին, 105-ը՝ երկրորդ, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: Նայելով ցանկը, թե ովքե՞ր, ո՞ր դպրոցների սաներն են արժանացել առաջին կարգի դիպլոմների, հետաքրքիր օրինաչափություն է ի հայտ գալիս:

Այսպես, մաթեմատիկայի առաջին կարգի դիպլոմ ստացած 12 դպրոցականներից 11-ը Երեւանից են: Նրանցից 9-ը՝ Ֆիզմաթ դպրոցի, մեկը՝ «Քվանտ» վարժարանի եւ մեկը՝ թիվ 56  դպրոցի սաներն են: 12-րդը Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սան է:

Երեւանը, մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցը, անմրցակից է նաեւ ֆիզիկա առարկայից: 5 աշակերտ այս առարկայից 1-ին կարգի դիպլոմ է բերել, հինգն էլ՝ Երեւանից, 4-ը՝ Ֆիզմաթից, մեկը՝ «Քվանտից»: Ֆիզմաթն առաջատար է նաեւ կենսաբանության  գծով. ընդամենը երեք 1-ին կարգի դիպլոմ է եղել, որոնցից 2-ը՝ Ֆիզմաթի սաներ են ստացել, մեկը՝ «Քվանտի»: Ֆիզմաթը միակն է եղել ինֆորմատիկայի ոլորտում. միայն երկու հատ 1-ին կարգի դիպլոմ, երկուսին էլ արժանացել են ֆիզմաթի սաներ:

Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական փուլում Ֆիզմաթն ու «Քվանտը» գնացել են հավասար արդյունքներով՝ չորս 1-ին կարգի դիպլոմներից երկուսը Ֆիզմաթինն են, երկուսը՝ «Քվանտինը»: Մնացած առարկաների գծով Ֆիզմաթը ամբողջապես հանձնել է դիրքերը: Իսկ ահա «Քվանտը» շարունակել է պայքարը նաեւ մյուս առարկաների համար: Մասնավորապես աշխարհագրությունից ստացված չորս հատ 1-ին կարգի դիպլոմներից երկուսը գնացել են «Քվանտ» վարժարան, մեկը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոց, մյուսը՝ Երեւանի թիվ 159 ավագ դպրոց: «Քվանտից» մեկ 1-ին կարգի դիպլոմակիր կա նաեւ անգլերենի գծով. ընդամենը երեք հատ 1-ին կարգի դիպլոմներից մեկը , ինչպես նշեցինք, «Քվանտի» սանն է ստացել, մեկը՝ «Այբի», եւ երրորդը՝ Երեւանի թիվ  8 հանրակրթական դպրոցի սանը:

Եվ վերջին առարկան, որտեղ 1-ին կարգի դիպլոմներ ստացել են ավելի շատ Երեւանի դպրոցների սաները, ֆրանսերենն է. 4 հոգի են ստացել 1-ին կարգի դիպլոմ, որոնցից միայն մեկը՝ մարզից՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սանը, իսկ մնացած երեքը՝ Երեւանից, թիվ 62, թիվ 119 ավագ դպրոցներից  եւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանից:

Գերմաներեն լեզվի չորս դիպլոմներից երկուսը մնացել են Երեւանում, մեկը՝ Շիրակացու ճեմարանում, մյուսը՝ թիվ 6 հանրակրթական դպրոցում, իսկ երկուսը գնացել են  մարզեր՝ Արենիի միջնակարգ դպրոց եւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց:

Մնացած առարկաների դեպքում՝ մարզերի դպրոցները ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան՝ Երեւանի:

Ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադայից 1-ին կարգի 5 դիպլոմներից 3-ը ստացել են մարզերի դպրոցականները՝ երկուսը՝ Դիլիջանի ավագ դպրոցի եւ մեկը Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի սաները, իսկ երկու դիպլոմ ստացել են Երեւանի թիվ 55 հանրակրթական դպրոցի սաները:

Քիմիա առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի հինգ հատ 1-ին կարգի դիպլոմներից երեքը գնացել են Վանաձոր՝ մաթեմատիկայի եւ բնագիտության հատուկ դպրոց: Արդեն իսկ պարզ է, որ այս դպրոցը քիմիայի ոլորտում առաջատար է: Մյուս երկու դիպլոմներից մեկը մնացել է Երեւանում՝ Շիրակացու անվան ճեմարանում, մյուսը տարել են Սիսիանի ավագ դպրոց:

Ինչ վերաբերում է հումանիտար առարկաների վիճակին, ապա Երեւանը ամբողջովին հետնապահի դիրքերում է:

Պատմությունից հանրապետական օլիմպիադայի 1-ին կարգի դիպլոմ է ստացել 6 աշակերտ: Նրանցից երկուսը Երեւանից են՝ թիվ 22 եւ թիվ 54 դպրոցների աշակերտներ: Մնացած չորսը մարզերից են՝ Արարատի ավագ դպրոց, Արալեզի միջնակարգ դպրոց, Գորիսի թիվ 4 ավագ դպրոց եւ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոց:

Հայ գրականություն առարկայի բոլոր երեք 1-ին կարգի դիպլոմները ստացել են մարզաբնակները. Սառնաղբյուրի, Սառնակունքի միջնակարգ դպրոցի սաները, ինչպես նաեւ  Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտները:

Հայոց լեզվի լավագույն գիտակները նույնպես մարզերից են: Սառնաղբյուրցի Եկմալյան Գագիկը, որ ստացել էր հայ գրականության առարկայի օլիմպիադայի 1-ին կարգի դիպլոմը, ստացել էր նաեւ դրա «երկվորյակ-եղբորը»՝ հայոց լեզվի 1-ին կարգի դիպլոմը:  Մյուս երեք աշակերտներից մեկը Հերհերի միջնակարգ դպրոցից էր, մյուսը՝ Իջեւանի ավագ դպրոցից եւ վերջինը՝ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցից:

Հայոց եկեղեցու պատմությունից դիպլոմ է ստացել 9 աշակերտ, որոնցից  միայն մեկը՝ Երեւանից՝ թիվ 45 հանրակրթական դպրոցից: Իննից չորսը Մեղրաձորի միջնակարգ դպրոցից են: Երկուսը՝ Մարալիկից՝ մեկը թիվ 1, մյուսը՝ թիվ 2 միջնակարգ դպրոցներից: Մեկը՝ Վանաձորի թիվ 28 հանրակրթական դպրոցի սան, մյուսը ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչենի միջնակարգ դպրոցից:

Քանի որ հիշատակեցինք միանգամից երկու առարկայից՝ հայոց լեզվից եւ հայ գրականությունից 1-ին կարգի դիպլոմ ստացած տղայի անունը, նշենք նաեւ մյուս՝ կրկնակի 1-ին կարգի դիպլոմ ստացածների անունները.

Ֆիզմաթ դպրոցի սան Մկրտչյան Միքայելը արժանացել է 1-ին կարգի դիպլոմի ե՛ւ մաթեմատիկայի, ե՛ւ ֆիզիկայի օլիմպիադաներում: Ֆիզմաթ դպրոցի մեկ այլ սան՝ Վարդանյան Էդգարը փայլել է ֆիզիկայից եւ աստղագիտությունից:

Դպրոցների վերջնական արդյունքներով 1-ին տեղում Ֆիզմաթն է, որի սաները ստացել են 1-ին կարգի 19 դիպլոմ: «Քվանտի» սաները ստացել են նույն կարգի 8 դիպլոմ: 4 հատ դիպլոմ ստացել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցը, 4-ն էլ՝ հայոց եկեղեցու պատմությունից: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները ստացել են ճիշտ նույնքան 1-ին կարգի դիպլոմ, ինչ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտության դպրոցը՝ 3 հատ: 2-ական 1-ին կարգի դիպլոմ են ստացել թիվ 55,  Ստեփանակերտի թիվ 11 հանրակրթական դպրոցը, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, Դիլիջանի ավագ դպրոցը: Մնացած կրթօջախները արժանացել են 1-ական 1-ին կարգի դիպլոմների:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930