Շատ հեշտ, մատչելի եւ յուրատիպ այս աղցանը նրանց համար է, ովքեր հոգնել են պարզապես ամառային աղցանից, սակայն չեն հոգնել լոլիկ-վարունգ համադրությունից:
Անհրաժեշտ մթերքները
Լոլիկ-3-4 հատ, կախված չափից
Վարունգ- 1 հատ
Կարդացեք նաև
Ավոկադո-1 հատ
Կանաչ պղպեղ- 1 հատ
Կծու չիլի պղպեղ- 1 հատ
Կանաչ սոխ-4-5 ճյուղ (եթե գտնեք վերջին շրջանում դեֆիցիտ դարձած կարմիր գլուխ սոխ, կարող եք կանաչ սոխի ճյուղերի փոխարեն կես հատ կարմիր գլուխ սոխ կտրատել)
Համեմ-10 ճյուղ
Թանձրուկի համար
Թթվասեր- 4 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ
Կիտրոնի հյութ- 0,5 կիտրոնի
Սեւ աղացած պղպեղ-0,5 թեյի գդալ
Աղ- ըստ ճաշակի
Քերած սխտոր- 1-2 պճեղ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենն ու կանաչին լվանալ, չորացնել: Լոլիկը, կանաչ պղպեղն ու վարունգը կտրատել խորանարդիկներով: Ավոկադոն՝ նույնպես: Ավոկադոյի վրա անմիջապես ցողել կիտրոնի հյութ, որպեսզի չսեւանա:
Կանաչին եւ սոխը մանր կտրատել: Չիլի պղպեղը մեջից կիսել, սերմերը հեռացնել, որպեսզի շատ կծու չլինի: Կտրատել մնացած բաղադրիչներից շատ ավելի փոքր չափով: Բանջարեղենի տեսականին եւ կանաչին լավ խառնել: Փոքր խորն ամանի մեջ լցնել թթվասերը, վրան՝ կիտրոնի մնացած հյութը, ձիթապտղի յուղը, աղն ու պղպեղը, քերած սխտորը: Լավ խառնել, լցնել բանջարեղենի վրա, լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
18.06.2016