Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոթեր խոպանից» կամ թե ինչքան ծանր է կարոտի հիվանդությունը (ֆոտոշարք)

Հունիս 18,2016 23:26

Հունիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ազատություն» TV-ի նոր վավերագրության պրեմիերան, որը արտագաղթի մասին է: Ֆիլմը վերնագրված է «Նոթեր խոպանից»:

xxopan6

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ սա «Ազատություն» TV-ի արդեն 5-րդ վավերագրությունն է:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն , ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր եւ նախագծի հեղինակ Հրայր Թամրազյանը նշեց, որ «Նոթեր խոպանից» վավերագրությունը յուրատեսակ հարգանքի տուրք է  ու խոնարհում՝ ճակատագրի բերումով Հայաստանից հեռացած խոպանչիներին, որոնք մեր ժամանակի հերոսներն են, բայց մնացել են անտեսված, ու նրանց մասին դեռեւս  լիարժեք անդրադարձ չի արվել:

xxopan3

Երջանկություն կամ հաց՝ սա է խոպանչիների ճանապարհը, եւ այլընտրանք չունեն այդ մարդիկ:  Ավելի քան մեկ միլիոն հայ ստիպված է դեգերել հեռուներում՝ ընտանիքը կերակրելու համար: Աշխատանքի որոնումները նրանց տարել են Ռոստով, Կրասնոդար, Մոսկվա, Սամարա, Վլադիվոստոկ, անգամ Յակուտսկ, որտեղ արդեն 4000  հայ է ապրում: Խոպանչիները դատապարտված են իրենց կյանքն ապրել՝ ինչպես աքսորավայրում: Նրանք իրենց կորուսյալ մարդիկ են համարում, քանի որ աշխատանքային աքսորի պատճառով խեղվել են ճակատագրեր, երկատվել ընտանիքներ, անհայր մանկություն են ապրում բազմաթիվ կարոտած փոքրիկներ: Ֆիլմի հերոսներից մեկն ասում է, որ խոպան գնալը զոհաբերություն հանուն ընտանիքի, նաեւ խնդրում է՝ իրենց մշակներ անվանել եւ ոչ թե խոպանչիներ: Նրանցից մեկի խոսքերով,  իրենց՝ դրսում հաց վաստակելու պատճառով երեխաները «արհեստական որբեր» են դարձել:

xxopan4

Ե՛վ օտար ափերում դառը քրտինքով հաց վաստակող տղամարդիկ, ե՛ւ նրանց ընտանիքի տառապած անդամները տարբեր ձեւակերպումներով իրենց արդարացի խոսքն են ուղղում երկրի ղեկավարներին՝ իրենց դժբախտության ու արտագաղթի իրական մեղավորներին: Չէ որ իրենք սիրում են հայրենիքը, բայց, ցավոք, հայրենիքը չի կարող կերակրել իրենց ընտանիքներին: Հեռավոր ափերում բանվորություն անող, տաքսի ու ավտոբուս վարող, տուն կառուցող, շինարարությամբ փող վաստակող տղամարդիկ մաղթում են՝ թող այսուհետեւ հայերը նման տներ կառուցեն իրենց հողի վրա:

Հրայր Թամրազյանի խոսքով, այս մարդիկ խոսում են իրենց ճակատագրերի ու կսկիծների մասին, բայց բնավ չարացած չեն հայրենիքի հանդեպ: Նրանք իրենց զավակներին մաղթում են, որ գոնե նրանք կարողանան իրենց ընտանիքներին կերակրել Հայաստանում:

xxopan2

«Ազատություն» ռադիոկայանի  թիմը հերթական անգամ հրաշալի էր աշխատել՝ ասելիքը  եւ ուղերձները հասան լսարանին, ցավը եւ կարոտը «թարգմանվեցին» հերոսների խոսքով, տպավորիչ կադրերով, երեխաների հայացքներով, միայնակ մնացած ծնողների հառաչանքով: Ֆիլմի ավարտին բոլորի աչքին արցունք կար:

xxopan5

Ծանր է կարոտի հիվանդությունը, բայց առանց արժանապատվության ապրելն է՛լ ավելի ծանր կլինի: Իսկ հայ տղամարդու արժանապատվության նշաձողի բարձրությունը չափվում է նաեւ նրա ընտանիքի բարեկեցությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930