Հունիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» սրահում տեղի ունեցավ կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների ոգեկոչման երեկո, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը, պետական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, խորհրդարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հնչակյան 20 նահատակների հիշատակը: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր ելույթը սկսեց Սրբազանական աղոթքով: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Այսօր հավաքվել ենք ոգեկոչելու 20 նահատակ հայորդիների հիշատակը: Նրանք հավատում էին, որ 20-ի ետևից քսան հազարներ են գալու: Փարամազը Հայոց Պատրիարքին փոխանցած թաշկինակի վրա հասցրել էր գրել. «Սթափ կեցեք, դիմեցեք ինքնապաշտպանության: Ջարդը ման է գալիս հայերի գլխին»: Հնչակյան քսան հերոսներն իրենց կյանքը տվեցին Հայաստանի անկախության համար, և խորհրդանշական է, որ կախաղան բարձրացան «Կեցցե Հայաստանը» խոսքերը շուրթերին»:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը: Ապրիլյան պատերազմի մասնակից Հնչակյան ջոկատների մարտիկները պարգևատրվեցին ՍԴՀԿ «Մեծն Մուրադ» մեդալով: Երեկոյի ընթացքում հնչեցին ազգային-հեղափոխական երգեր:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն