Արցախ պետք է հասնել լուսաբացին…
Արցախի Հաթերք գյուղ հասա լուսաբացին` ուխտավորների խմբի կազմում: Երեւի ժամը 06:30 էր: Ցեխի մեջ ճպճպացող, խիտ կանաչով ու ծաղկած մասրենիներով պատված ճանապարհներն այնքան խորհրդավոր էին թվում: Թարմ բնության գրկում` անձրեւի մանրիկ կաթիլները դեմքիս եւ մազերիս, անգամ մոռացա, թե որտեղ եմ գտնվում:
Կարծես քաղաքի փոշոտ ու աղմկոտ, իսկ երբեմն` սիրելի քաոսից տեղափոխված լինեի մի գողտրիկ, կանաչ եւ ցեխոտ մոլորակ, որի խաղաղության պահապանը հենց ինքը` երկինքն է: Իսկ Հաթերքում երկինքն այնքան մոտ էր թվում: Բարձրադիր գյուղի մոտակա բլուրներին նայելով` թվում էր, թե ձեռքս պարզեի` մատներս կթաթախվեին մառախուղի մեջ: Հետո կսթափվեի ու կհասկանայի, որ «երկրային Արցախում» եմ…
Կարդացեք նաև
Մառախուղի մեջ զավեշտալի ոչինչ չկա: Այլ է հարցը, որ բնությունն իր ոգին հաղորդում է միայն նրանց, ովքեր զգում են իր կաթիլները, կրակներն ու քամիները…Գուցե ես եմ հայրենի բնությանը փոխադարձ սիրահարված, բայց «դուբայները» եւ «ուռեկիները» չեն կարող տալ այն հոգեւոր խաղաղությունը, որն ապրում ես ազատագրված հողին ոտք դնելիս:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ