Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս չդառնալ զոմբի

Հունիս 18,2016 17:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 18-ին եւ 19-ին անցկացվում է «Բարքեմփ 2016» (չ)կոնֆերանսը: Նրա օրակարգում բազմաթիվ թեմաներից առանձնանում էր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ընտրած թեման, որով ներկայացավ «Բարքեմփ 2016»-ում. «Ինչպե՞ս չդառնալ զոմբի»: Այս հարցը, երեւի թե միջոցառման ամենաարդիական հարցն էր, քանի որ շատ-շատերին էր հետաքրքրել, իսկ դահլիճն էլ նման հետաքրքրության համար բավարար մեծ չէր, ներկաներից շատերն էլ ստիպված էին կա՛մ գետնին նստել, կա՛մ բեմին:

Ովքե՞ր են զոմբիները

Սամվել Մարտիրոսյանը նախ անդրադարձավ զոմբիների պատմությանը. «Երբ որ ես միջին տարիքի էի զոմբիների թեման այսքան լուրջ չէր դրված մարդկանց առաջ՝ նկարում էին կինոներ, մեկ-մեկ գրքեր էին գրում, բայց հիմնականում կինոները ավանդական զոմբիների մասին էին, որոնց վուդույով գերեզմանից արթնացնում էին: Ավանդական, ճիշտ զոմբին գերեզմանից արթնացրած մեռելն է, որին արթնացնում էին մի նպատակով, որ տանը գործ անի: Բայց ժամանակներն սկսեցին փոխվել եւ 60-ական, 70-ական թվականներին զոմբիները ավելի շուտ ընկալվում էին որպես պատիժ:

Այդ ժամանակի կինոներում պարզ չէր, թե զոմբիները ովքեր են, ինչու եկան, հիմնականում թեթեւ նշմարվող կրոնական բացատրություն էր ունենում՝ վատն են եղել, դրա համար զոմբիները դուրս են եկել, մեր մեղքերի համար է: Բայց հիմա իրավիճակը լուրջ փոխվել է՝ եթե նայենք զոմբիների մասին ահռելի քանակի բան է գրվում, նկարահանվում: Իրականում, ահավոր հետաքրքրություն կա զոմբիների հանդեպ, որը չի եղել, այսինքն՝ սերիալներ են նկարվում, կոմիքսեր, գրքեր, եւ այլն»:

samvel-martirosyan

Որո՞նք են գործիքները

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական գործիքը, որով զոմբիացնում են, մեդիան է. «20-30 տարի առաջ հեռուստացույցն էր, դրանից առաջ ռադիոն էր, թերթերն էին: Մեդիան, իրականում, ավելի բազմազան է, օրինակ՝ միջնադարում որպես մեդիա օգտագործվում էր եկեղեցու քարոզը, հատկապես՝ կաթոլիկ եկեղեցու համար դա բավականին լուրջ գործիք է եղել: Քարոզները հիմնականում ուղղորդված էին անում»:

Ովքե՞ր են ժամանակակից զոմբիները

Սամվել Մարտիրոսյանը մանրամասնեց. «Մենք բոլորս հիմա իրար «գլուխ ենք արդուկում»: Ամեն մեկի մոտ կա անձնական տպարան, որն առաջ արգելված էր, ամեն մեկն ունի իր եկեղեցին, որտեղ բոլորին հրավիրում է կիրակնօրյա քարոզի, ընդ որում, շուրջօրյա տարբերակով, եւ ամեն մեկը ունի հնարավորություն մյուսի գլուխը արդուկելու»:

samvel-martirosyan3

Ինչպե՞ս չդառնալ զոմբի

«Տեղեկատվական թունավորում է իրականում, որովհետեւ այդ տեղեկատվությունը, որ մենք սպառում ենք, մարդկությունը երբեք այսքան տեղեկատվություն չի սպառել, եւ հոգեբանորեն ունակ չի էլ եղել: Մենք հայտնվել ենք ճգնաժամային վիճակում, այս վիճակը չի լավանալու առնվազն մոտակա տասնամյակներում, այսինքն՝ գնալով ավելի վատանալու է: Գնալով տեղեկատվության հոսքը շատանալու է, եւ գալիս է ժամանակ, երբ որ պետք է մտածել յոգայի մասին, բայց ոչ յոգա որպես դիետա, ինչպես հիմա է ընկալվում: Հին հնդիկներն ունեին այս խնդիրը, մի քիչ ուրիշ էր՝ իրենք այս աշխարհից էին զզվում, ոչ թե ինտերնետից:

samvel-martirosyan2

Իրենք համարում էին, որ Մայան, որը թաքցնում է իրական աշխարհը, խանգարում է, եւ միջին հնդիկ տղամարդն իր պարտքն էր համարում ծառ տնկել, տուն կառուցել, տղա ունենալ, դրանից հետո հեռանալ քարանձավը եւ հնարավորինս կտրել իրեն աշխարհից, ու փաստացի յոգայի իմաստը ոչ աշխարհիկ բնույթ էր կրում: Մարդիկ փորձում էին իրենց զգայարանների հետ աշխատել, որպեսզի կարողանան զտել այն, ինչ գալիս է արտաքին աշխարհից:

Ինձ թվում է մենք մտնում ենք մի դարաշրջան, որ որպեսզի մարդ չխելագարվի ու չդառնա զոմբի պետք է սկսի այս տեղեկատվական հոսքերի վրա ինքնուրույն աշխատել եւ յոգայով զբաղվել, բայց ժամանակակից, եւ փորձել ինքնուրույն մեթոդներ գտնել, որտեղ կարելի է տեղեկատվությունը մարսել: Որովհետեւ եթե դուք պասիվ դիտողի դերում եք գտնվում, այսպես, թե այնպես սկսում եք թունավորվել, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930