Արցախի Թալիշ գյուղի պաշտպանության նպատակով համանուն գումարտակ է ստեղծվում, որի նպատակն է` պահպանել համայնքի սահմանային գոտին եւ անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված ցանկացած մարտական գործողության: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ազատամարտիկ Միքայել Ապրեսյանը:
«Թալիշցիներին կոչ եմ անում չհավատալ ասեկոսեներին, թե թուրքերը վերցրել են Թալիշը, այլ համախմբվել ու կազմել մարտական զորամիավորում: Մենք նախատեսել ենք մեկ գումարտակի մակարդակով մեր հայրենիքը պաշտպանել: Վստահ եմ` մենք նորից կհամախմբվենք եւ մեր բնօրրանը կպաշտպանենք մեր զինվորների հետ միասին»:
Ապրեսյանը հայտնեց, որ նախաձեռնությունը համաձայնեցրել են համապատասխան մարմինների հետ: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմում հակառակորդի ձեռքն անցած հենակետի մասին. «Վստահ եմ` եթե հրադադար չլիներ, այն հետ կվերցնեինք, բայց քանի դեռ այդ դիրքը թշնամու ձեռքին է, գյուղ վերադառնալը վտանգավոր է: Այն համեմատաբար բարձրադիր է, եւ այդտեղից գյուղը երեւում է: Հանրապետության համար այն կարևոր նշանակություն չունի, բայց կարևոր է Թալիշի համար: Մինչև ապրիլի 2-ը այն եղել է չեզոք գոտի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ներկայացվող տեղեկատվությունը ճիշտ չէ և ոչ ամբողջական: