Դանիիլ Շուլեյկոն վստահեցնում է, որ այն շահավետ կլինի ե՛ւ ուղեւորների, ե՛ւ վարորդների համար
Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 18-ին մեկնարկեց երկօրյա «Բարքեմփ 2016» (չ)կոնֆերանսը: Միջոցառման ընթացքում Դանիիլ Շուլեյկոն ներկայացրեց «Յանդեքս տաքսին», որը Հայաստանում պատրաստվում է մեկնարկել հուլիսի 1-ից:
Դանիիլ Շուլեյկոն նշեց, որ Ռուսաստանում վարորդ ընտրելիս կարեւորում են ռուսերենի իմացությունը, եւ վարորդը որպես տաքսիստ աշխատանքի ընդունվելու համար, երբ համապատասխան ծրագիրն է միացնում, պետք է նախ բանաստեղծություն կարդա, ինչից հետո էլ մի քանի հարցի պատասխանի, եւ միայն նոր կարող է աշխատել ծառայությունում: Նման համակարգ Հայաստանում «Յանդեքս տաքսին» դեռ չի ունենալու, սակայն Շուլեյկոն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն:
«Հենց հիմա քաղաքի փողոցներում մոտավորապես 50 հեծանվորդներ են երթեւեկում, որոնք պարզապես նկարահանում են ձեր քաղաքը՝ մեզ համար ստեղծելով Երեւանի լավագույն քարտեզը. դա մեր առանձին նվերն է, որն անում ենք այս երկրի համար: Այսինքն՝ մի քանի շաբաթից կունենանք լավագույն քարտեզը, իհարկե՛, դա շատ թանկ արժե, մեր բյուջեն դրանից կտուժի, բայց ինչ արած»,- հայտնեց նա:
Կարդացեք նաև
Դանիել Շուլեյկոն վստահեցրեց, որ իրենց ծառայությունը հարմարավետ է լինելու ե՛ւ վարորդների, ե՛ւ ուղևորների համար. վարորդները ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղեւորները ավելի քիչ ծախսելու: Մասնավորապես «Յանդեքս տաքսին» նոր սակագնով է աշխատելու՝ առաջին 2 կիլոմետրը՝ 100 դրամ, ինչից հետո յուրաքանչյուր կիլոմետրը 100 դրամ: Ծառայությունը հասանելի է Երեւանում եւ հարակից տարածքներում, սակայն նա չմանրամասնեց, թե քանի ավտոմեքենա է աշխատելու Երեւանում՝ նշելով, որ այդ թիվը արդեն մի քանի հարյուրի է հասնում:
«Սակագինը այնպես է մշակված, որ կարողանա ավելի շատ աշխատել: Ինձ համար կաեւոր է վարորդի համար կայուն եկամուտ ապահովել, ինձ համար կարեւոր է, որ վարորդը իր եկամուտը այլ տեղերից չփնտրի»,- ասաց նա:
Ներկաները հետաքրքրվեցին, թե նման սակագինը «Յանդեքս տաքսին» ինչքա՞ն ժամանակ է շարունակելու պահպանել՝ հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները: Դանիիլ Շուլեյկոն պատասխանեց. «Այս սակագինը մենք գրեթե միշտ կփորձենք պահել: Հնարավոր է, այն փոխվի բենզինի գնի հետ կապված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ