Դատական քաշքշուկն ավարտվել է մարզադաշտի տնօրինության հաղթանակով
«Դիալոգ» մամուլի ակումբում այսօր` հունիսի 18-ին, «Հրազդան» մարզադաշտի տնօրեն Գագիկ Ժամհարյանը ներկայացրեց «հարկային մարմին-Հրազդան մարզադաշտի տնօրինություն» դատական վեճի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի` օրերս կայացրած վճիռը, այն է` մարզադաշտի տնօրինության հայցն ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի բավարարվում է, եւ ՊԵԿ-ի` մարզադաշտի հանդեպ կայացրած 60 մլն դրամ տուգանքի ակտը ամբողջությամբ համարվում է անվավեր: Գագիկ Ժամհարյանը հստակեցրեց, որ ՊԵԿ-ը մոտ 60 մլն դրամի տուգանքի ակտ էր սահմանել ստուգումների արդյունքում բացահայտած խախտումների հիման վրա, սակայն, տնօրենի խոսքով` խախտումներ իրականում չեն եղել:
«2014թ սեպտեմբերից մեկ տարի մեր ընկերությունը ստուգվեց: Հարկային մարմինը ոչ մի լումայի խախտում չհայտնաբերեց: Հետո 53 մլն դրամի խախտումով ակտը կազմվեց, որի համար հիմք էին հանդիսացել առեւտուր անողների ցուցմունքները: Նրանք բացատրական էին գրել, որ ավտոկանգառի համար վճարում են 10.000 դրամ: Այդ գումարը հարկային մարմինը բազմապատկեց չորս տարվա վրա, ու ստացվեց, թե իբր մենք այդ գումարը թաքցրել ենք: Դիմեցինք դատարան, որովհետեւ ոչ ոք չի շեշտել, թե առեւտրականները որ կազմակերպությանն են վճարել, մինչդեռ հարկային մարմինը համարել է, թե մեզ են վճարել: Ամենայն հավանականությամբ, հարկային մարմինը կբողոքարկի դատարանի որոշումը: Երբ ակտը կազմվեց, վճարեցինք, իսկ ինչպես պետք է պետությունը վերադարձնի, չգիտենք»:
Կարդացեք նաև
Ժամհարյանը վստահեցրեց, որ ընկերությունը երբեւէ հարկային խախտումներ թույլ չի տվել եւ եկամուտներ չի թաքցրել, այլ է հարցը, որ հարկային մարմնի աշխատակիցներն անգամ խախտում չհայտնաբերելու դեպքում ասում են` «դե մի բան պետք է գրենք…»:
Մարզադաշտի տնօրենը կարծում է, որ դատարանի` մայիսի 31-ին կայացրած նշյալ որոշումը տնօրինության պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է. «Մի տարի ստուգեցին, մի լումայի խախտում չհայտնաբերեցին»:
Բանախոսը տեղեկացրեց, որ մարզադաշտնի տնօրինությունը ֆինանսական խնդիրներ ունի. շահութահարկի կանխավճարները պարտավոր է վճարել, սակայն դատական քաշքշուկի եւ հաշիվները կալանքի տակ դրվելու պատճառով չեն վճարել պարտատերերի վճարները: Գագիկ Ժամհարյանի խոսքով` մարզադաշտի ամսական եկամուտը մոտ 5 միլիոն դրամ է, մինչդեռ մարզադաշտի գործունեության եւ պահպանության համար ամսական ծախսվում է մոտ 25 միլիոն:
«Նախորդ տարի պարտքերն այնքան շատացան, որ պարտատերերը դիմեցին դատարան, եւ մեր ընկերությունը սնանկ ճանաչվեց: Դատարանին ներկայացնելու ենք առողջացման ծրագիր եւ շարունակելու ենք մարզադաշտի պահպանությունը»,-հայտնեց տնօրենը:
Ավելի վաղ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող մարզադաշտի տնօրինությունը մանրամասն ներկայացրել էր դատական վեճի նախապատմությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ իր հերթին մեկնաբանել էր խնդիրը` ասելով. «Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ