Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի կարծիքով՝ Էրդողանի հեղինակած նամակը որևէ շոշափելի տարր չէր պարունակում և ընդամենն արարողակարգային դրսևորում էր։
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հասցեագրել Ռուսաստանի` իր պաշտոնակից Պուտինին, որտեղ շնորհավորել էր Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Անկարան հրապարակեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված 9 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ: