Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Շտայնմայերը քննադատել է 2016թ. հունիսի 7-ին Լեհաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժությունները, որտեղ պայմանական հակառակորդ էր սահմանվել Ռուսաստանի Դաշնությունը։ Նախարարը նշել է, որ նմանատիպ զորավարժությունները կարող են անօգտակար լինել տարածաշրջանի համար։
Նախարար Շտայնմայերի կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, եթե ռազմական կեցվածք որդեգրելու փոխարեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն երկխոսության և համագործակցության մեջ մտնեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Շտայնմայերն ասել է նաև, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի զորվարժության տանկը կարող է խաղաղություն բերել կողմերին։