«Հայացք» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մինչ բանախոսները կխոսեին այն մասին, թե շախմատն ավելի շատ սպո՞րտ է, արվե՞ստ, թե գիտություն, Aravot.am-ը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին շնորհավորեց օրերս վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու առիթով: Կատակով շնորհակալություն հայտնելով «անհաջող մասնակցությունը» շնորհավորելու համար՝ Ռաֆայել Վահանյանն ասաց, որ չեմպիոն դարձած Զուրաբ Ստուրուայի հետ կարեւոր պայքարում ինքը մեկ սխալ քայլի պատճառով ոչ-ոքի արեց. «Ես չէի պատրաստվել առաջնությանը: Պարզապես, խաղացի, քանի որ Հայաստանի վետերանների թիմով մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»:
Այնուհետեւ, նա ասաց, որ շախմատն իր մեջ ներառում է երեք բաղադրիչներն էլ, բայց իր համար առաջին հերթին սպորտ է: Ու անմիջապես մեջբերեց. «Մի այսպիսի ասացվածք կա. շախմատում ամենաանհետաքրքիրն այն է, երբ երկու մրցակիցներն էլ ճիշտ են խաղում: Այդ պարտիաները շատ արագ ավարտվում են ոչ-ոքի: Ցավոք, այսօր շախմատը կորցրել է արվեստ լինելու իր որակները, քանի որ ոլորտ է մտել համակարգիչը: Հիմա շախմատիստները մարզվում են համակարգչային ծրագրերով: Առնվազն 30 քայլ համակարգիչն է անում: Իմ ժամանակ այդպես չէր», – նկատեց գրոսմայստերը:
Ասուլիսում խոսվեց նաեւ հավակնորդների վերջին մրցաշարերում Լեւոն Արոնյանի անհաջող մրցելույթների եւ հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում շախմատ առարկայի դասավանդման մասին: Ռաֆայել Վահանյանը Արոնյանին գնահատեց որպես բարձրակարգ եւ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, իսկ փոփոխական հաջողությամբ մրցելույթները կապեց հոգեբանական խնդիրների, շախմատի երիտասարդացման եւ ուժեղ թիմ ընտրել չկարողանալու հետ: «Մի ժամանակ 30-35 տարեկանն աշխարհի չեմպիոն դառնալու համար իդեալական տարիք էր, իսկ հիմա շախմատիստները երիտասարդացել են: Արդեն 12 տարեկանում գրոսմայստերի կոչում են նվաճում, 20 տարեկանները հավակնորդներ են: Բայց, կարծում եմ, Արոնյանը աշխարհի չեմպիոն դառնալու դեռ շանս ունի: Դրա համար, գուցե, նա պետք է կարողանա իր շուրջն ուժեղ թիմ հավաքել, ինչը մեծ ծախսեր է պահանջում: Օրինակ, Սերգեյ Կարյակինին հովանավորում է մի խոշոր ընկերություն: Ընտրում են հինգ-վեց ուժեղ մասնագետների եւ նրանց ժամը 500 եվրո վճարում: Իսկ ինչ վերաբերում է շախմատը դպրոցների տարրական դասարաններում պարտադիր առարկա դարձնելուն, ես դրան այնքան էլ կողմ չեմ»:
Այս կարծիքին էին նաեւ ասուլիսի մասնակիցներ, ՀՇՖ փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանը, եւ մանկավարժական համալսարանի մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը:
Կարդացեք նաև
Հովիկ Խալիկյանի խոսքերով. «Շախմատը, համենայն դեպս դպրոցում, վնաս չի տալիս: Մենք հակված ենք, ոչ թե վնասները հաշվելու, այլ օգուտները: Այն դրականը, որ երեխաներին տալիս է շախմատը, մաթեմատիկան էլ է տալիս: Ես, օրինակ, հակված եմ, որ այդ տարիքում շախմատի փոխարեն, ասենք, պար մտցվի՝ ավելի ազգային, մշակութային, որպեսզի երեխաներն ավելի քիչ նստեն համակարգչի առջեւ: Շախմատը դպրոցում մտցնելը Գերագույն Խորհրդի մակարդակով քննարկվել է դեռ 1980-84 թվականներին: Բայց այն ժամանակ լուրջ մասնագետները եկան եզրակացության, որ դա ժամանակավրեպ է ու հավակնոտ, որ երեխաներին պարտադրել շախմատ սովորել, անթույլատրելի է: Շախմատն ինտուիտիվ մտածելակերպ է տալիս երեխաներին եւ դա շատ կարեւոր է: Բայց, ցավոք, այսօր դպրոցում առարկան դասավանդող ուսուցիչների մոտ 80 տոկոսն ինքը շունի ինտուիտիվ, շախմատային մտածելակերպ: Կադրերի լուրջ խնդիր կա: Ես կարծում եմ՝ շախմատը օժտվածների խաղ է եւ շատ ավելի հետաքրքիր կլինի այն դպրոցում ֆակուլտատիվ ճանապարհով զարգացնել»:
«Շախմատը պահանջում է հատուկ մտածելակերպ: Այսօրվա ձեւը, որ ընտրված է, դրան չի նպաստում, երբ սկսում ես երկրորդ դասարանից, – շարունակեց Համլետ Միքայելյանը: – Օրինակ, իմ թոռնիկը: Երկու տարի նրանք զբաղված են շախմատի քայլերը սովորելով: Շախմատի գեղագիտությունն ընկալել հնարավոր է, եթե խաղալ սովորես: Բայց ոչ բոլորն են կարողանում սովորել, ոչ բոլորն են կարողանում ընկալել: Երեխաները դրան չեն հասնում, ինչի պատճառով շատերի մեջ շախմատի նկատմամբ հակակրանք է առաջանում: Իմ կարծիքով պետք է միջին դպրոցից սկսել: Աշակերտներն այդ տարիքում շատ արագ շախմատը կյուրացնեն եւ կսիրեն: Ես կազմակերպիչներին ասել եմ. այս ձեւով, երկրորդ դասարանից սկսել եւ 2-3 տարի շախմատ սովորեցնել առանց շախմատային գեղագիտության, անիմաստ բան է»:
Aravot.am-ի հարցին, թե այս թեմայի շուրջ՝ ծրագիրը փոխելու, ֆեդերացիայում քննարկումներ եղե՞լ են, ՀՇՖ փոխնախագահ Հովիկ Խալիկյանը պատասխանեց. «Թեման կքննարկվի, երբ համապատասխան մասնագետները տան իրենց եզրակացությունը: Սա ավելի շատ Կրթության եւ գիտության նախարարության, կրթության մեթոդիկայով զբաղվողների խնդիրն է: Շախմատի ցանկացած դրսեւորում ֆեդերացիան պետք է ողջունի, որովհետեւ շախմատը տարածվում է, մասսայականացվում է, ավելի արժևորվում է, ինչը ֆեդերացիայի համար կարեւոր է: Իսկ թե ինչ կտա կրթության առումով, դրական կամ բացասական, կարծում եմ, նախարարությունը պետք է կարծիք ունենա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ