Ժամանակը` թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը` կտրելով չորրորդ չափման սահմանը` անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը չես այլեւս:
Կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա ընդամենը ճակատագիր է, կարելի է ընդունել նաեւ, որ ով չի ընդունում իր ճակատագիրը, ճակատագիրն է նրան քարշ տալիս իր ետեւից: Կարելի է մտածել…
Բայց մեզանից հեռացող եւ մեր կյանքն իր հետ տանող ժամանակը նաեւ այլ բաներ է հուշում մեզ…
Օրինակ` ազգի համընդհանուր կամքի եւ նպատակի մասին: Մի երազելի վիճակ, որ կարծես թե մի ժամանակ մենք ունեինք` կայուն տերություն, հզոր բանակ, երբ Միջերկրականից մինչեւ Հնդկական օվկիանոս, լինելով երրորդ մեծ պետությունը, մի օր մեր հիմքերը սասանվեցին, քանի որ երրորդն ավելորդ էր, եւ պարզվեց, որ մյուս երկու մեծերին խանգարող ավելորդը մենք էինք, մենք էինք թույլ օղակը:
Հետո, արդեն անհողմության մեջ ընկած նավի նման, սկսեցինք աննպատակ ճոճվել ժամանակների ջրերում: Երբ մեր քաղաքները մեր աչքի առաջ իրարից գրավում էին օսմանները, օղուզները, մոնղոլները, խաչակիրները, նույնիսկ Խորեզմից փախած անփառունակ Մուհամեդ շահի որդի` Ջալալ Ալ-Դինը:
Այնինչ, նույն ժամանակներում մեր փառապանծ, բայց տարաբախտ Այրուձին, կորցնելով սեփական թագավորներին, պատերազմ էր մղում օտար տերերի համար` կիսված ռուսների եւ Մամայ խանի միջեւ, կռվում էր Եվրոպայի համար, Գրյունեվալդում, լեհերի, հունգարացիների համար, մինչեւ որ հայրենական հիշողությունը կորցրած` աննկատելիորեն թուլացավ, հալվեց փափկակյաց կանանց կրծքերի վրա` որպես մահվան բարձի, ու վերացավ աշխարհից…
Կարդացեք նաև
Եվ չնայած որ խղճի օրենքը շարունակում է հուշել, թե չի կարելի որբացնել երեխաներին, չի կարելի ուժով խլել ուրիշի ունեցվածքը, չի կարելի բռնությամբ ստրկացնել ուրիշ ժողովուրդներին, բայց միեւնույն է՝ պատերազմի պտտահողմը շարունակում է կախված մնալ մարդու գլխին եւ երկնային ցախավելի նման ամայացնում քաղաքներ ու գյուղեր…
Եվ երբ մի քանի տարի առաջ պատերազմի տագնապն իմ մեջ վերադառնում էի Ջավախքից, հասկացա հանկարծ, որ Վրաստանն այնքան էլ Վրաստան չէր, իսկ Ռուսաստանը, պարզվում է, միշտ Ռուսաստան է…
Հասկացա նաեւ, որ եկել է մեր ցեղի ժամանակը` կորուստները ետ բերելու, Հարավային Կովկասի կայունության կենտրոնը դառնալու ժամանակը, որին հասնելու համար պետք է համազգային կամք, համազգային միասնություն մեր պետության ու պետականության շուրջ, պետք է համազգային նպատակ եւ չսխալվելու իմաստություն, քանի դեռ մենք ենք մեր տերը, եւ քանի դեռ ճակատագիրը մեզ քարշ չի տվել իր ետեւից:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
17.06.2016