Կան որոշակի չափանիշներ, ըստ որի՝ պետության կողմից գնահատվում, պարգեւատրվում է անձը՝ հայրենիքին ինչ-որ ծառայություն մատուցելու համար: Չգիտեմ՝ ով է սահմանել այդ չափանիշները, ու ինչպես է պատահում, որ իրական հերոսներն ու հայրենիքին իրապես ծառայած մարդիկ դուրս են մնում պետության ուշադրությունից:
43-ամյա Միքայել Նավասարդյան. մտերիմները նրան Միշա են ասում. պատահական եմ հանդիպել նրան. ասում է՝ Ջաբրայիլում ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի հարվածային անօդաչու սարք է շարքից հանել: Ասում եմ՝ իսկական հերոս եք, իսկ նա համեստություն է անում, ասում է՝ «Չէ, իսկական հերոսները մեր զինվորներն են, որոնք մայրական կաթը դեռ շուրթերին, արիաբար կռվել են»: Հետո հարցնում եմ՝ իսկ ձեզ պարգեւատրե՞լ են, համեստորեն լռում է: Նորից եմ կրկնում հարցս, պատասխանում է՝ «Սեյրան Օհանյանը ձեռքս սեղմեց ու ասաց՝ շատ շնորհակալ եմ ձեզ»: Այդքա՞նը՝ կրկին հարցնում եմ ես: «Այո, այդքան բան»,- ասում է Միշան: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հակառակորդին մոտ 1 միլիոն դոլարի վնաս հասցրած Միքայել Նավասարդյանը հանդիպել է Կորյուն Ղումաշյանի «Տիգրան Մեծ» ռազմավարական վարժարանի վերջին զանգի ժամանակ: Ղումաշյանը մինչ այդ Միքայելին նախարարությունում ներկայացրել էր պարգեւատրման, բայց նախարարը եկել էր դատարկաձեռն, առանց անգամ շնորհակալագրի:
Միքայել Նավասարդյանը 15-16 տարեկան էր, երբ 90-ականներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեկնեց Շահումյան, այստեղից են նրա արմատները. ասում է՝ «Ես անպայման պիտի գնայի մեր հողերի համար կռվելու»: Միշան Շահումյանին հարակից տեղանքին լավ ծանոթ էր, ու ի՞նչ կարող էր անել բանակի համար 16-ամյա տղան: Պատմում է. «Երբ Գետաշենից ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին Շահումյանից օգնություն էր պետք ուղարկել, ես կածաններով, սարերով այնպես եմ մերոնց տարել-բերել, որ հակառակորդը չի էլ իմացել, որ տենց տեղանք կա: Բնակիչներին էլ երբ գյուղից պիտի հանեին, էլի նրանց ես եմ տարել այդ թաքուն տեղերով: 2 անգամ վիրավորվել եմ: Եղբորս՝ Սերգեյի հետ էինք այդ գործողություններն անում: Հայտնի «Կոլցո» օպերացիայի ժամանակ մերոնք ճանապարհը լավ չգիտեին, նահանջի ժամանակ էլի այդ թաքուն տեղերով մենք ենք ուղեկցել, որ անվնաս դուրս գան»: Միշան ասում է՝ Ղարաբաղում շատ գյուղերի ազատագրմանն է մասնակցել, բայց իր հայրենի Շահումյանը, ինչպես ինքն է ցավով ասում, ինչ-որ անհասկանալի ձեւով հանձնվեց:
Կարդացեք նաև
Միշան Ղարաբաղյան ազատամարտի տարիներին կռվել է ՀԱԲ-ի Արամոյի՝ Արամո Թորգոմյանի հրամանատարությամբ: Հիշում է՝ դեռ նոր էր ընդգրկվել Արամոյի ջոկատ, 1991 թվականի օգոստոսի 23-ին կամ 25-ին՝ լավ չի հիշում, Վերին Շենի մոտ մեծ բարձունք կար, հակառակորդից մերոնք պետք է ազատագրեին: «Ինձ ու ընկերոջս՝ Խաչիկին, դրեցին ջոկատի թիկունքը պահելու: Մենք մի հատ «պուլիմյոտ» ունեինք, ազգային պատկերասրահից էինք վերցրել, ձեւափոխել ու լրիվ «բայեւոյ» սարքել: Այդ օրը մի պահ Խաչիկը գնաց հաց ուտելու, ես էլ մնացի «պուլիմյոտի» մոտ: Մեկ էլ տեսնեմ՝ հակառակորդի կողմից մի հատ սպիտակ ավտոբուս է գալիս: Հեռադիտակով նայեցի, տեսա՝ մեջը շատ զինվորներ կային, ռուսական հագուստով չէին, չալմաներով էին: Էլ չսպասեցի հրամանի, էդ «չապաեւի» «պուլիմյոտով» սկսեցի կրակել, մի հատ ատկազ չարեց, ամբողջը կրակեցի, ու ավտոբուսն ընկավ փոսը: Մեծ պայթյուն եղավ, չնայած էդ կրակելուց հետո մեր գյուղը ռմբակոծության ենթարկվեց»:
Միշան ասում է՝ այն ժամանակ իր հրամանատար Արամոյին չէին ասել, որ ավտոբուսն ինքն է պայթեցրել, զեկուցել են, որ Խաչիկն է պայթեցրել, որպեսզի հրամանատարը չզայրանար, որ նորելուկ զինվորն առանց հրաման ստանալու գործողություն է արել: Արամոն վերջերս է իմացել, որ Միշան է ավտոբուսի ու նրա մեջի զինյալների վերացման հեղինակը: «Արամոյի ծննդյան օրը խոստովանեցինք, աննկարագրելի հուզմունք էր, գրկեց, փաթաթվեց»,- պատմում է Միշան:
Ապրիլյան պատերազմի օրերին Միշան, իր խոսքերով ասած՝ խառնվել է իրար. անդադար հետաքրքրվում էր, թե ով որ ջոկատով է պատրաստվում մեկնել առաջնագիծ: Հենց իմացել է, որ իր հրամանատար Արամոյին իր ջոկատով ավելի ուշ են թույլատրելու մեկնել առաջնագիծ, սկսել է կամավոր մեկնելու այլ տարբերակներ փնտրել: «Ինձ զանգեց Արմեն Բաբայանը, Շռամ ենք ասում նրան, ու ասաց, որ գիշերը «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանի հետ մեկնում են ճակատ: Ասեց՝ Միշա, գիտեմ, որ ուզում ես գնաս Ղարաբաղ: Հենց այդ գիշեր էլ՝ ապրիլի 6-ին, դուրս եկանք, հաջորդ օրն արդեն Ջաբրայիլում էինք, մենք հենց «Լալայ Լագի» բարձունքի դիմաց էինք, էն բարձունքն է, որը հակառակորդը վերցրել էր»:
Կամավորների ջոկատի տղաները տեղ հասնելուն պես՝ ինչ հագուստ ստացել էին, իրենց հագից հանել են ու տվել շարքային զինվորներին, որոնց զինվորական հագուստն ամբողջությամբ թաց էր, բայց անձրեւ էլ չէր եկել, պարզապես տեղանքն այնքան խոնավ է, որ զինվորների հագուստը գրեթե չոր չի լինում, գիշերը չորացնում են, բայց առավոտյան թաց է լինում:
Միշան պատմում է, որ շարքային զինվորներն այնքան հոգնած ու անքուն էին, որ նրանց ուղարկել են քնելու. «Տղաները 3 օրուգիշեր քնում էին ու չէին կշտանում: 3-րդ օրը նոր նրանց ծիծաղի ձայնը լսեցինք: Դա մի մեծ ուրախություն էր մեզ համար»:
Ես փորձում եմ խոսակցությունը տանել անօդաչու սարքը խփելու պատմությանը, բայց Միշան սկսում է այլ բան պատմել. մեր Կոմսը, մեր Կորյունը, Արամը, մեր… անընդահատ անուններ, անուններ է տալիս Միշան: Հարցնում եմ՝ ովքե՞ր են: «Մեր ջոկատի տղաները, խնդրում եմ, բոլորի անունները գրեք, չեք պատկերացնի, թե նրանք ինչ կարեւոր բաներ են արել, ինչ տղերք են»,- պատասխանում է Միշան:
Կոմսը Կամո Քեչյանն է, նա այդ օրերին այնքան բլինդաժներ է սարքել ու այնքան խրամատներ է փորել, որ ընկերները նրա անունը «Կռոտ» էին դրել: «Մի հատ բլինդաժ չկար, խրամատ չկար, որ մեր զինվորները գնդակոծության ժամանակ կարողանային պատսպարվել: Եթե հակառակորդը մի քանի ժամ անդադար կրակեր, կենդանի մարդ չէր մնա, բաց տարածք էր, պատսպարվելու ոչ մի բան»,- պատմում է Միշան: Կոմսը, չգիտես որտեղից, վառարան էր գտել, փայտեր էր հավաքել ու վառում էր՝ զինվորներին տաքացնում:
Վերջը հակառակորդի անօդաչուն ո՞նց շարքից հանեցիք՝ էլի հետաքրքրվում եմ ես:
Ասում է՝ «Դե գնդացրի կրակ արձակելու հատուկ մեթոդ կա՝ գնդացրով խաչը, որ նկարում ես, բացառվում է, մեկը պետք է կպնի, այդ խաչի տակից դուրս չի գա, ու պիտի ուշադիր լինել, հասկանալ՝ հաջորդ քայլն ինչ է լինելու, կանգնած պետք է աշխատես: Էդպես խաչ անելով խփեցի: Ապրիլի 12-ի երեկոյան էր, մութ էր, տեսա օդում ինչ-որ բան է թռչում, լույսեր է արձակում, կրակ էր թողնում դիմացի Արայի լեռի մեր դիրքերի կողմը: 20-25 մետր «լինյայի» վրա միայն իմ մոտ էր գնդացիրը, վերցրի ու սկսեցի աշխատել: Գնդացրի 140 հատանոց «լենտայի» կեսից ավելին կրակեցի ու նկատեցի՝ ծուխ է դուրս գալիս, սկսեց կայծեր թողնել: Հետո ինձ թվաց, որ էդ «բեզպիլոտնիկը» մեր կողմ է թեքվել, գնդացիրը նորից վերցրեցի, որ կրակեմ, մութ էր, չնկատեցի՝ «ստվոլ»-ից բռնեցի, շատ տաք էր, ձեռքս վառվում էր, կպել էր «ստվոլին», բայց ես էլի շարունակեցի կրակել, ու տեսանք, որ ընկավ «բեզպիլոտնիկը»»:
Առավոտյան դիմացի դիրքերից մեր տղաները կապ են տվել ու ասել՝ «Ձեր ցավը տանենք, էդ ո՞նց եք խփել»:
Միշան խնդրում է էլի անուններ գրեմ, ասում է՝ շարքային զինվորները նրան օգնել են անօդաչուն խփելիս. մեկը «լենտն էր» պահում, մեկը «զարիժատ էր» անում: Անուններ է տալիս՝ «Նարեկը Բադալյան, Նարեկը Գրիգորյան, Հրաչը՝ 5-րդ մասիվցի, Աբոն՝ ապարանցի էր, Կամոն՝ իջեւանցի, բոլորը շարքային զինվորներ, հերոսներ, ընտիր տղերք»:
Միշան ասում է՝ դժվար թե այդ անօդաչուին շարքից հանեին, եթե իրենք աշխատեին գնդացրի փամփուշտների այն ժապավեններով, որոնք ստացել էին հենց առաջին օրը. «Որ գնդացիրը ստացա, մի լենտի երկարությունը եղել է 18-25 սանտիմետրի արանքում, իրականում պետք է լինի ամենաքիչը մոտ 2 մետր: Ես ու Կամոն մի ամբողջ գիշեր ձեռքերով հավաքել ենք երկարացրել «լենտը», ձեռքներս վնասվել էին, ճղվել էին, արյունոտվել»:
Միշան ցավով է հիշում, որ զինվորների համար անգամ տարրական պայմաններ չկային. «Բուժկետ չկար, զինվորներից մեկը ատամի ցավից 3 օր տառապում էր, անալգին չկար, որ խմեր: Ջուր չկար՝ լվացվեին: Մեր Կոմսն էր գնացել մի տեղից զինվորների համար «նասկիներ» վերցրել, լցրել ծոցը ու բերել: Երեւանից գնդապետներ էին եկել՝ ստուգման, չդիմացա, ասեցի՝ էդ գրելու ես, որ ամեն ինչ նորմա՞լ է: Ձեր խիղճը կտրվի, էրեխեքի համար գոնե բուժկետ դրեք»:
Միշան պատմում է, որ ամեն առավոտյան զարթնելուց հետո հրամանատարին խնդրում էր թույլատրել հակառակորդի կողմից գրավված բարձունքի վրայի ադրբեջանական դրոշին մի հատ կրակել ու վայր գցել. «Չթողեցին, բայց ես լավ ուսումնասիրել էի, գիտեի՝ ձողը ոնցն է, հաստատ խփելու էի»:
Հետո նորից Միշան սկսում է շարքային զինվորներին գովել ու ասում է. «Այս սերնդի զինվոր տղաներին աղջիկ ուզելիս ոչ ոք չպիտի մերժի, ամենքը մի գանձ են»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
17.06.2016
Դրանց շնորհակալությունը իրեն պետք չէ, մարդկանց տեղյակ լինելը ավելի կարեւոր է: Դրա համար էլ հեղինակից շատ շնորհակալ ենք: