Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մհեր, ես եմ ձեր վրա կրակել»

Հունիս 18,2016 16:30

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հովհաննիսյանի՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին մայիսի 31-ի որոշման դեմ բողոք է բերել եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
Լ. Սիմոնյանը խնդրում է վերացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին քննիչի որոշումը եւ ցուցում տալ քրեական գործի քննությունը վերսկսելու, Մեխակ Մելիքբեկյանին եւ Տաթեւ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք առաջադրելու համար:

Քրեական գործն առնչվում էր 2013թ. փետրվարի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում գտնվող «Կրիվոյ» կոչվող վայրում՝ Հովհաննես Ղալթախչյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացված մահափորձին:
Ի դեպ, այդ գործով, որին անդրադարձել է նաեւ «Առավոտը», կրակահերթ էր բացվել «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 707 հ/հ ավտոմեքենայի վրա, վտանգվել էր ուղեւորների՝ Արամ Աթարբեկյանի, Մհեր եւ Համբարձում Սաքանյանների կյանքը: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ կրակահերթ է արձակել Աչաջուր գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը, իսկ Հովհաննես Ղալթախչյանին սպանելու պատվիրատուն հանդիսացել է նույն գյուղի բնակիչ, նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանը:

Լ. Սիմոնյանն «Առավոտին» ասաց, որ քննիչի մայիսյան որոշումը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող, իր պաշտպանյալին՝ Հովհաննես Ղալթախչյանին տրամադրվել է հունիսի 9-ին:
Հաջորդ օրը Հովհաննես Ղալթախչյանը լիազորել է փաստաբանին իր անունից բողոքարկել քննիչի նշյալ որոշումը:

Գլխավոր դատախազին ուղղված բողոքում փաստաբանը տեղեկացնում է, որ քննիչը որոշման պատճառաբանական մասում նշել է. «Տաթեւ Գասպարյանի եւ Մեխակ Մելիքբեկյանի կողմից Հովհաննես Ղալթախչյանից վրեժխնդիր լինելու հանգամանքը նախաքննության ընթացքում առաջ է քաշվել որպես վարկած եւ այդ ուղղությամբ կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, խուզարկություններ են կատարվել Տաթեւ Գասպարյանի, Մեխակ Մելիքբեկյանի եւ Լեռնիկ Գասպարյանի առանձնատներում: Հանձնարարականներ են տրվել հետաքննության մարմնին՝ Տաթեւ Գասպարյանի, Մեխակ Մելիքբեկյանի, նրանց հետ առնչվող անձանց այլուրեքությունը, Հովհաննես Ղալթախչյանի նկատմամբ իրականացված սպանության փորձին առնչություն ունենալու հանգամանքները պարզելու նպատակով, կատարվել են հեռախոսահամարների վերծանումներ եւ զննվել, դրանց շուրջ հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Տաթեւ Գասպարյանի, Մեխակ Մելիքբեկյանի եւ Գագիկ Ալավերդյանի միջեւ կատարվել են առերեսումներ»:

Քննիչը նաեւ արձանագրել էր, որ 2008թ. Հովհաննես Ղալթախչյանի եղբոր՝ Ահարոն Ղալթախչյանի կողմից Դավիթ Վարդումյանին սպանելու եւ վերջինիս հարազատների կողմից Հովհաննես Ղալթախչյանից վրեժխնդիր լինելու հանգամանքը նախաքննության ընթացքում առաջ է քաշվել որպես վարկած եւ այդ ուղղությամբ կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի խումբ վկաներ, հանձնարարականներ են տրվել հետաքննական մարմնին, Հովհաննես Ղալթախչյանի նկատմամբ իրականացված սպանության փորձին առնչություն ունենալու հանգամանքները պարզելու նպատակով, կատարվել են Կ. Վարդումյանի հեռախոսահամարների վերծանումներ եւ զննվել:

Սակայն նախաքննական մարմինը փաստել էր. «Հանցագործությունը բացահայտելու, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզելու նպատակով կատարվել են նաեւ այլ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին պարզել չի հաջողվել: Կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական եւ դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը»:

Լիպարիտ Սիմոնյանի դիտարկմամբ, քննիչի այն հետեւությունը, թե հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից, այն քննիչի սուբյեկտիվ մոտեցման արդյունք է:

Բողոքաբերի կարծիքով, գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար են հանցագործությունը կատարած անձին կամ անձամց համապատասխան մեղադրանք առաջադրելու համար:

Մասնավորապես, նախաքննության ժամանակ ցուցմունքներ են տվել անձինք, որոնցից մեկը՝ Ս. Ղալթախչյանը հայտնել էր, թե 2016թ. հունվարի 17-ին, երբ ինքը, Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Աշոտ Աբազյանը, Մեխակ Մելիքբեկյանը եւ Աչաջուր գյուղից եւս այլ անձինք զրուցելիս են եղել, այդ ժամանակ Մեխակ Մելիքբեկյանը հայտնել է, որ ինքն է Աչաջուր գյուղ գնալու ճանապարհին կրակել Հովհաննես Ղալթախչյանի «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի վրա, իսկ մեքենայի մոտենալու մասին իրեն հայտնել է Տաթեւ Գասպարյանը:
Իսկ վկա Կ. Ղալթախչյանի ցուցմունքով էլ, 2013թ. փետրվարի 25-ին որդուն սպանելու համար վերջինիս «Տոյոտա Պրադո» մեքենայի վրա կրակոցի մասին իմացել է ՌԴ-ում գտնվելու ժամանակ. «Երբ օրեր անց վերադարձել է ՌԴ-ից, տեղեկացել է, որ որդու մեքենայի վրա կրակել են այն ժամանակ, երբ Հովհաննեսն ընկերների՝ Մհեր եւ Համբարձում Սաքանյանների, Արամ Աթարբեկյանի հետ վերադառնալիս է եղել գյուղ եւ «Կրիվոյ» կոչվող վայրում մեքենայի վրա կրակահերթ է կատարվել: Վնասվել էին մեքենայի տարբեր մասեր, բարեբախտաբար, տղաներից ոչ ոք չէր վնասվել»:

Այս վկան նաեւ ասել էր, թե կասկածել էր, որ դա Տաթեւի կազմակերպածն է, քանի որ վերջինիս հետ ունեն թշնամական հարաբերություններ, Գ. Ալավերդյանի ասելուց հետո իր կասկածներն ավելի են ամրապնդվել: Գագիկ Ալավերդյանը մոտ մեկ տարի ընկերություն է արել Տաթեւ Գասպարյանի, Մեխակ Մելիքբեկյանի ու նրանց շրջապատի հետ եւ տեղեկացել է նաեւ իր եւ Հովհաննեսի նկատմամբ իրականացված այլ սպանության փորձերի եւ նախապատրաստությունների մասին, որոնք եւ պատմել է Հովհաննեսին:

Պաշտպանը ապացույցների մեջ նշել էր նաեւ Գ. Ալավերդյանի ցուցմունքը:
Նա ասել էր, թե 2013թ.-ին ինքը 13-14 տարի ընդմիջումից հետո Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրենի Աչաջուր եւ քանի որ բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել իրենց գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի հետ, նրա հետ նաեւ ընկերություն է արել. «Այդ ընթացքում տեղեկացել է, որ Տաթեւ Գասպարյանը թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում նույն գյուղի բնակիչ եւ գյուղապետ ընտրված Կամո Ղալթախչյանի, նրա որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի հետ եւ մի քանի անգամ Մեխակ Մելիքբեկյանի եւ իր միջոցով ցանկացել է սպանել վերջիններիս, սակայն ամեն անգամ չի ստացվել, ինքը չի ցանկացել կատարել, չի թողել, որ Մեխակ Մելիքբեկյանը կատարի»:
Մեխակն էլ է ցույց տվել այն վայրը, ուր իրենք կրակել են Հովհաննես Ղալթախչյանի մեքենայի վրա: Մեխակը իրեն ասել է, որ կրակել է Տաթեւ Գասպարյանի ասելով:
Մ. Սաքանյանը ցուցմունք է տվել, որ Մեխակ Մելիքբեկյանը անձամբ իրեն դիմելով է ասել, որ «Մհեր, ես եմ ձեր վրա կրակել»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930