Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ տանն ենք երաժշտության մեջ, եւ դրսում»

Հունիս 18,2016 16:00

Վարդի Մանուելյանն ու Մովսես Պողոսյանը կրկին հայրենիքում են

Ամերիկաբնակ ջութակահար ամուսիններ Վարդի Մանուելյանն ու Մովսես Պողոսյանը հայրենիքում սպասված են դասական երաժշտության երկրպագուների կողմից: Հայաստանում երաժիշտները քանիցս հանդես են եկել համաշխարհային դասական եւ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների մեկնաբանություններով: Մովսես Պողոսյանի երկացանկում, օրինակ, հաշվվում է ավելի քան 60 ժամանակակից հեղինակի երկ: Կարճ ասած՝ ամուսինները «նոր երաժշտությանը» նվիրված տարածողներ են: Ամուսինը համագործակցել է այնպիսի ճանաչված կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Տիգրան Մանսուրյանը, Վաչե Շարաֆյանը, Կիհարան, Մեգերստանը, Արթուր Ավանեսովը եւ այլն: Իմիջիայլոց, Մովսես Պողոսյանը ԱՄՆ-ում արդեն 11-րդ տարին անցկացվող «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի գեղարվեստական ղեկավարն է: «Առավոտը» որոշեց այս անգամ էլ մանրամասներ հրապարակել երաժիշտ ամուսինների ընտանեկան կյանքից:

Մեզ հետ զրույցում Վարդի Մանուելյանը նշեց, որ ինքը Բուլղարիայի պետական երաժշտական ակադեմիայում հիմնավոր ուսում ստանալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ առաջին բեմելը կայացել է 1993թ.՝ North Carolina Symphony-ի հետ: Հայրենիք առաջին անգամ եկել է 22 տարի առաջ, ամուսնու հետ: Հանդես են եկել դուետով՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ: «1990թ. արդեն կայացել էր Մովսեսի ամերիկյան առաջին բեմելը Boston Pops նվագախմբի հետ եւ արժանացել երաժշտական քննադատների բարձր գնահատականին… Իսկ ես Բուլղարիայից ԱՄՆ տեղափոխվել եմ 1991թ.»,- հայտնեց մեր զրուցակիցը: Իսկ թե ԱՄՆ-ում ինչպես են ծանոթացել ապագա ամուսինները հարցին՝ Վարդին ասաց, որ ժամանակին, երբ ինքը տեղափոխվել է ԱՄՆ, դասավանդել է այն երաժշտական հաստատությունում (UCLA Herb Alpert School of Music), որի պրոֆեսորն էր ամուսինը:

Հետաքրքրվեցինք, թե ինչու մինչ այսօր որեւէ տեղեկություն չունենք նրանց երաժիշտ զավակների ստեղծագործական կյանքից: «Որդիս՝ Էդվարդը, թավջութակահար է, 19 տարեկան, սովորում է Ջուլիարդում, Կառաս 17 տարեկան է, ալտահար, իսկ կրտսերս՝ Անուշը, 14 տարեկան է, կլարնետահար: Համոզված եմ՝ երբեւէ նրանց անունը կլսեք եւ անպայման հանդես կգան հայրենիքում»,- տեղեկացրեց Մովսես Պողոսյանը: Արդյոք ծնողների կա՞մքն է եղել, որ զավակները բռնեն երաժշտարվեստի ուղին, ի պատասխան մեր հարցին՝ Վարդին հակադարձեց. «Միանշանակ՝ ոչ: Ինչպես ցանկացած ծնող, ես էլ իմ ներսում զավակներիս պատկերացնում էի տարբեր ոլորտներում՝ միայն ոչ երաժշտական: Երեւի խոսեց գենը կամ գուցե՝ դեռեւս չծնված, նրանց վրա մեծ ազդեցություն ունեցան երաժշտության հնչյունները»:

Ժամանակին Երեւանի, ապա Մոսկվայի պետական կոնսերվատորիաներում ուսում ստացած Մովսես Պողոսյանին արտասահմանյան մամուլը որակում է որպես կամերային երաժշտության նվիրյալ: Անցած տարիների ընթացքում նա հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քիմ Քաշքաշյանը, Անի եւ Իդա Կավաֆյանները, Ալեքսեյ Լյուբիմովը, Ջերեմի Դենքը, Լինն Հարելը եւ ուրիշներ: Իհարկե, չհաշված նրա գործունեությունը տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ: «Վերջին շրջանում դուետ եմ կազմել ճապոնացի հարվածային նվագարանների վիրտուոզ կատարող Կունիկո Կատոյի հետ: Արդեն հանդես ենք եկել Ճապոնիայում եւ հատուկ մեզ համար գործեր են գրել ոչ միայն ճապոնացի, այլեւ այլ ազգերի կոմպոզիտորներ»,- նշեց Մովսես Պողոսյանը:

Վարդի Մանուելյանն էլ որպես մենակատար եւ կամերային երաժիշտ՝ բուռն ստեղծագործական կյանքով է ապրում: Ելույթներ է ունեցել ինչպես Բուլղարիայի եւ ԱՄՆ-ի, այնպես էլ Իսպանիայի, Իտալիայի, նախկին ԽՍՀՄ երկրների տարբեր նվագախմբերի հետ, համագործակցել է ճանաչված կվարտետների՝ Մենդելսոնի, Ջուլիանդի, Գվարներիի, Բրենտանոյի հետ, երաժիշտներ Բրունո Կանինոյի, Գերրիք Օլսեի, Նոբուկո Իմայի, Թոմաս Ադեսի եւ ուրիշների ընկերակցությամբ:
Ամուսինների խոսքերով՝ եւ տանն են երաժշտության մեջ, եւ դրսում: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 18-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրանք հանդես կգան դուետով՝ Շնիտկեի Թիվ 1 Concerto Grosso-ի կատարմամբ:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Էդուարդ Թոփչյանը, Մովսես Պողոսյանը,
Վարդի Մանուելյանն ու կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը:

 

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930