Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական համայնքների դպրոցների մեծ մասում ֆիզկուլտուրայի դասեր գրեթե չեն անցկացվում

Հունիս 18,2016 15:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային շրջայցը Արագածոտնի մարզ՝ հատկապես գյուղական համայնքների հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման բավականին լուրջ խնդիրներ ի հայտ բերեց:

Բայց այդ խնդիրները միայն Արագածոտնին չեն վերաբերում: Դրանք ընդհանուր են եւ բնորոշ են հանրապետության մյուս բոլոր մարզերին: Գերազանցապես շենքային վատթար պայմաններ, ջեռուցման եւ գույքի բացակայություն, որոշ տեղերում էլ դպրոցների տնօրինության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների ստեղծագործական մղումների պակաս: Սակայն ասել, որ հատկապես վերջին երկուսը համատարած է, սխալ կլինի: Մեր այցելած գյուղերում կային նաեւ հատուկենտ դպրոցներ, որտեղ պայմանները նույնն էին, բայց ճիշտ աշխատանքի շնորհիվ որոշակի մարզական արդյունքներ արձանագրված էին անգամ հանրապետական մակարդակի մրցումներում:

Շրջայցի ընթացքում նախարարը տնօրեններին եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին հարց էր տալիս, թե ինչո՞ւ դպրոցներում արտադասարանական պարապմունքներ չեն կազմակերպվում, փոխարենը՝ գրեթե ամենուրեք երեխաները նույն ամխիթար մարզադահլիճներում հաճախում են կարատեի պարապմունքների՝ անվճար կամ վճարովի: Ու դեռ խիստ կասկածելի է, թե կարատեի այդ «սեն սեյները» խմբեր հավաքագրելու, երեխաներ մարզելու իրավունքն արդյոք ունե՞ն եւ ի՞նչ են սովորեցնում: Բոլոր դպրոցներում էլ պատասխանատուները հարցի պատասխան չունեին եւ ուսերն էին թոթվում:

Շրջայցի ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը «Առավոտին» ասաց. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նախարարությունը պարբերաբար լինում է հանրապետության մարզերում եւ գյուղական համայնքների հանրակրթական դպրոցներում, տեղում ուսումնասիրում խնդիրները, աշխատում դրանք լուծել իր հնարավորությունների սահմաններում: Այս անգամ ձեւաչափը փոխվել է: ՀՀ նախագահի հանձնարարականով եւ վարչապետի կարգադրությամբ ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների, Երեւանի քաղաքապետի, Քաղշինի ներգրավվածությամբ, որն ուսումնասիրում, ի հայտ է բերում հանրապետության բոլոր հանրակրթական ու մարզադպրոցների իրական պատկերը: Այն ներկայացվելու է հանրապետության նախագահին ու վարչապետին, որի արդյունքում ֆինանսական պատկերը պարզ կդառնա եւ կսկսվեն կոնկրետ ուղղություններով աշխատանքները»: Նախարարի խոսքերով, դպրոցների հիմնանորոգումները, ջեռուցման ապահովումը իրականացվելու է պետբյուջեով:

Գաբրիել Ղազարյանը նաեւ ասաց, որ ինքը ցանկացել էր այցելել հատկապես այն գյուղերը, որտեղ վիճակն ավելի վատ է, զրուցել տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, որպեսզի անձամբ պատկերացում կազմի, թե ինչպես են ընթանում դասերը: «Երբ դպրոցներն ունենան բարվոք վիճակ, գույք, պարտավոր են լինելու նորմալ աշխատել: Իսկ հիմա ծրագրից շեղվում են՝ ձմռանը ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են ըստ ունեցած հնարավորությունների: Մինչդեռ, անչափ կարեւոր է երեխաների շարժողական ունակությունները զարգացնել մանուկ հասակում եւ տարրական դասարաններում»,- ասաց նախարարը: Նա նաեւ ողջունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանի՝ իր հետ միասին գյուղերում շրջելու ցանկությունը: «Շատ ողջունելի է մարզպետի այդ ցանկությունը: Յուրաքանչյուր մարզպետ պետք է քաջատեղյակ լինի իր ղեկավարած տարածաշրջանի դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դրվածքին»,- եզրափակեց Գաբրիել Ղազարյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930