Արցախցի լրագրող, արձակագիր, թատերագետ եւ թարգմանչուհի Էմմա Պետրոսյանը տարիներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել հայոց լեզվի ու մշակույթի պահպանության ուղղությամբ: Ստեփանակերտում այժմ վերահրատարկվում է նրա աֆորիզմների գիրքը: Տիկին Էմմայի աֆորիզմներից մի փունջ ներկայացնում ենք մեր ընթերցողին: Դրանք ասես գրված լինեն բոլոր ժամանակների համար: Այդ աֆորիզմների մի մասը տարբեր տարիների լույս է տեսել նաեւ ԼՂՀ գրողների միության «Պըլի Պուղի» ամենամսյա երգիծական հանդեսում:
***
Իրար թերություններ քողարկելը ոչ թե իրար պաշտպանել, այլ կործանել է նշանակում:
***
Կուսակցությունների առատությունը ոչ թե ժողովրդի մասին հոգացողների, այլ իշխանության ձգտողների առատություն է նշանակում:
***
Ցեխից դուրս եկած խոզն ուր ասես քսվում է՝ մաքրվելու համար:
***
Ագռավները մեծարվում են այնտեղ, որտեղ արծիվները բացակայում են:
***
Մինչեւ չերգեն՝ չես իմանա, թե ով է սոխակը, ով է կաչաղակը:
***
Վատ իրականությունում ապրողը լավ երազներ չի տեսնում:
***
Շուտ խաբվողը ուշ է սթափվում:
***
Եթե նախանձի զգացումը չխանգարեր, երջանիկները շատ կլինեին:
***
Այնտեղ, որտեղ չի գործում օրենքի ուժը, գործում է ուժի «օրենքը»:
***
Ազատությունը ոմանց համար ավելի շատ սանձարձակություն է, քան կշռադատված ապրելակերպ:
***
Ով խոսելուց առաջ չի մտածում, խոսելուց հետո մտածելու շատ բան կունենա:
***
Արդարության պակասը համաշխարհային պրոբլեմ է:
***
Կան հատուկ խաղամոլներ, որոնց համար «խաղաքարտերը» մտերիմ, ծանոթ մարդիկ են:
***
Տգիտությունն ու անգթությունը երկվորյակներ են:
Կյանքը պայքար է եւ պատրանք:
«Առավոտ»
17.06.2016