Այսօր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության ՕՀ մարզադպրոցում մեկնարկեց լեգենդար մարզիկի գավաթի 10-րդ միջազգային առաջնությունը:
Մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչներից բացի՝ մասնակցում են Իրանի եւ Սիրիայի մարմնամարզիկները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն Aravot.am-ին ասաց. «Այս մրցաշարին մասնակցելու ցանկություն շատերն ունեին, սակայն բոլորին չենք հրավիրել երկու պատճառով՝ մարզագույքի եւ ֆինանսների բացակայության: Ի դեպ, ֆինանսները չբավարարելու պատճառով անցած տարի մրցաշարը չի անցկացվել»:
Հարցին, թե մրցաշարին մասնակցող օլիմպիական վարկանիշ նվաճած Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի առջեւ ի՞նչ խնդիրեր են դրված, պարոն Սերոբյանը պատասխանեց. «Թե Հարությունը, թե Արթուրը ներկա պահին լավագույն մարզավիճակում չեն: Նրանց համար այս մրցումները Ռիոյի նախապատրաստության փուլ են, որի ընթացքում մարզիկները եւս մեկ անգամ փորձարկում եւ հղկում են օլիմպիական խաղերում կատարելիք իրենց վարժությունները: Նոր տարրեր չեն ավելացվել, պարզապես մենք մասնակցելու հնարավորություն ենք տվել նաեւ երիտասարդներին, որոնք նույնպես ստուգում են իրենց, բայց ավելի բարդ պայմաններում: Թեեւ նրանց ու մեծահասակների ծրագրերը տարբեր են, սակայն դրանք գնահատվելու են մեծահասակների չափորոշիչներով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ