Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, ՀՀԿ-ականները քննադատեցին, բայց կողմ քվեարկեցին հարկային նոր օրենսգրքին, որովհետեւ կար քաղաքական որոշում:
«Ստացվում է՝ անձնական տեսակետ պատգամավորները չեն կարող արտահայտել: Քաղաքական որոշումը, կուսակցական կարգ ու կանոնն ավելի կարեւոր է, քան անձնական մոտեցում ունենալը, որը խոսում է այն մասին, որ մեզ մոտ իսկապես մեծ սահմանափակումներ կան»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով, եթե շահագրգռված ես տնտեսության զարգանալու, ներդրումներ լինելու հարցում, մի խոսքով, կանխատեսելի տնտեսություն ունենալու հարցում, ապա հարկային օրենսգիրքը պետք է շատ պահպանողական լինի. «Շատ դժվար փոփոխությունների պետք է ենթարկվի, որովհետեւ բիզնեսը կանխատեսելի պայմաններ է սիրում, բայց եթե դու դեկտեմբերին մի օրենսգիրք ունես, հուլիսին՝ մեկ այլ, սեպտեմբերին՝ լրիվ ուրիշ, այդ երկրին լուրջ չեն նայում, բիզնեսն էլ չի հասկանում, բերում, գումար է դնում, հետո ասում են՝ պետք է փոխվի»:
Ըստ նրա, հարկային օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն կար, բայց մինչեւ այն ունենալը, պետք է հասկանալ՝ տնտեսությունում ինչ մոտեցումներ կան. «Այդ փաստաթղթի հետ պետք է լինեին նաեւ այդ կանխատեսումները, առանց դրա իմաստ չունի, լավագույն փաստաթուղթն էլ լինի, չեմ համաձայնի: Ինչ տնտեսություն է սպասարկելու այս հարկային օրենսգիրքը, ինչին է նպաստելու, ինչին է վնաս տալու: Ասում են՝ այս օրենսգրքով անցնելու ենք այլ սպառման հարկման, բայց դուք սպառում ունե՞ք, եթե ներքին սպառմանն է ուղղված, ապա սպառողը պետք է լինի, եթե սպառողի գրպանը դատարկ է, այս հարկային քաղաքականությունն իրականություն չի դառնա…հիմա, երբ շրջանառության հարկը 5 միլիոնից հասցնում են 40 միլիոն, նշանակում է ՓՄՁ-ներկայացուցիչների մոտ եկամուտների պակաս է առաջանում…պարզվում է՝ ինքնանպատակ չեն այս փոփոխությունները, նպատակը մեկն է՝ բյուջեն գումարներով ապահովել: Պարզվում է՝ 90 միլիարդով լրացուցիչ հարկային բեռ է ավելանալու տնտեսության, քաղաքացիների վրա, եւ սա կոչել որպես բարեփոխում, տնտեսության մրցունակության բարձրացում, իրականության հետ կապ չունի»:
Կարդացեք նաև
Պարոն Խաչատրյանի համոզմամբ, բացի բյուջեն լցնելու նպատակից հարկային նոր օրենսգրքի ընդունումն այլ նպատակ էլ ունի. «Լուրջ գումարներ են ծախսել այս օրենսգիրքը գրելու համար նաեւ ակնկալիքներ կան, որ այս օրենսդրությունը, երբ սկսի կիրառվել, միջազգային կառույցները լրացուցիչ ֆինանսական օգնություն կտան: Բայց սա ինձ համար չի կարող հիմնավորում հանդիսանալ, որ ասեմ՝ եկեք ընդունենք այս օրենսգիրքը, որը ՀՀ տնտեսության զարգացման այնպիսի խթան կդառնա, որ չէինք կարող պատկերացնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ