Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը զարմացել է Հայաստանից Կոնգո զենք, զինամթերք արտահանելու լուրից:
«Հայտնի չէ՝ որ զենքերի մասին է խոսքը, ինչքան է եղել այդ քանակը, ինչ նպատակով է արվել գործարքը, ինչ է արդյունքում պետությունը շահել գործարքից: Այս ամենը հնարավոր կլինի մեկնաբանել, եթե ավելի շատ տեղեկություն այդ գործարքի մասին հայտնի դառնա հանրությանը:
Այս պահին կարելի է միայն զարմանալ, որ Հայաստանը միջազգային զենքի շուկայում որպես վաճառող է, թեպետ չի արտադրում զենք, բայց նման գործարքներ կնքում է: Ես դրա հետ կապված կարող եմ հիշեցնել WikiLeaks-ով բացահայտված դեպքը, երբ Բուլղարիայից Հայաստան ներմուծված գնդացիրների մի մասը հայտնվել էր Իրաքում, եւ դրա հետ կապված նոտա էր Իրաքը ներկայացրել ՀՀ-ին: Սա վկայում է, որ շատ բաներ կան, որ հանրությունը պարզապես չգիտի բանակի մասին, այն պնդումները, որ այսօր քայլեր են արվել, եւ բանակը գտնվում է քաղաքացիական հսկողության տակ, ըստ երեւույթին, իրականությանը չեն համապատասխանում, եթե մենք այսպիսի հանկարծակիի ենք գալիս նմանատիպ լուրերով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հստակեցրեց, որ 1,5 միլիոն դոլարի զենքի վաճառքի մասին է խոսքը, իսկ 1,5 միլիոն դոլարը թիվ չէ զենքի վաճառքի համար. «Չմոռանանք, որ որոշ արտադրություն ունենք, եթե չեմ սխալվում, ավտոմատների արտադրություն, նաեւ փամփուշտների, կարող են նաեւ դրանցից տանել: Միակ խնդիրը, որ կարող էր առաջանալ այն է, եթե Կոնգոն լիներ միջազգային սահմանափակումների տակ, էմբարգո լիներ զենքի վաճառքի առումով, ու Հայաստանը սանկցիաներ խախտած լիներ: Բայց այս դեպքում նման իրավիճակ չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ