Այսօր՝ հունիսի 17-ին, 5328 դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, քննական տոմսերում վրիպակներ, բովանդակության հետ կապված խնդիրներ չեն եղել: Սակայն դիմորդների մոտ հեռախոսներ ու ծածկագրեր են հայտնաբերվել:
«Քննակենտրոններից մեկի ղեկավարն ասաց, որ դիմորդին հեռացրել են քննասենյակից, քանի որ մոտը հեռախոս են գտել: Նախապես տեղեկացրել էինք, որ հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդը կզրկվի նաև տվյալ քննության երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունից»,- նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը:
Սակայն, նրա խոսքով, զգալիորեն պակասել է հեռախոսներով ու ծածկագրերով քննության գնացողների թիվը. «Այս տարի մաթեմատիկայի ու ևս չորս առարկաների առաջադրանքներում փոփոխություն մտցվեց: Ճիշտ է, շտեմարաններից վերցվեցին առաջադրանքները, սակայն դրանց մեջ թվային տվյալները փոփոխվեցին: Դրա համար դիմորդները շտեմարանների պատասխանները չեն կարող ծածկագրերի տեսքով բերել և արտագրել. թվերը փոխված են, ու ստիպված պիտի նստեն հաշվարկներ անեն,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սա այս տարվա կարևոր տեղաշարժերից մեկն է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է միջին, բարձր գնահատական ստացած, ինչպես նաև դրականի շեմը չհաղթահարած դիմորդների թվին, Մելիքյանի փոխանցմամբ, նախնական պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարվանը:
Հիշեցնենք, որ առջևում մնացել է ընդամենը երեք քննություն. հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 24-ին՝ «Ռուսաց լեզու»: Այնուհետև՝ հունիսի 25-ից, կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ