Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվեց գործակցության համաձայնագիր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիր ճեմարանի միջև

Հունիս 17,2016 20:33

Հունիսի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի (ԱՄՆ) միջև գործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Դեռևս անցյալ դարակեսին Հայ Եկեղեցու հոգևորականներն արդեն իսկ հարաբերություններ են սկսել Նյու Յորքի Ս. Վլադիմիր հոգևոր ճեմարանի հետ, որ մինչ այժմ կարելի է ասել հանդիսանում է օրթոդոքս աշխարհից դուրս օրթոդոքս ավանդության ամենից կարևոր կրթական բարձրագույն հաստատություններից մեկը:

Անցյալ դարակեսին Ս. Վլադիմիրի ճեմարանն աստվածաբանների այնպիսի փաղանգ է տեսել, ինչպիսիք էին Գեորգի Ֆլորովսկին, Նիկոլայ Լոսկին, Ալեքսանդեր Շմեմանը, Զոն Մայենդորֆը և ուրիշներ, ովքեր Օրթոդոքս աստվածաբանությունը մի նոր բարձունքի հասցրեցին և դարձան ավանդական և մերօրյա աստվածաբանական մոտեցումների կամրջողները:

Համագործակցության յուրաքանչյուր փորձ սովորաբար նոր շունչ և նոր եռանդ է տալիս ուսումնական հաստատություններին: Ս. Վլադիմիրի ճեմարանի տեսուչ, Արժանապատիվ Տ. Զոն Բեռի հետ մեր ստորագրելիք այս համաձայնագրով պիտի ամրագրվեն մեր հաստատությունների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանն ուղղված նպատակները:

…Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիրի միջև համաձայնագրի ստորագրմամբ մենք հույս ունենք, որ պիտի առավել սերտանան նաև մեր Եկեղեցիների միջև կապերը կրթության ոլորտում», – նշեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը:

Այնուհետև օրվա առիթով խոսք ասացին նաև Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի (ԱՄՆ) տեսուչ Արժանապատիվ դոկտոր Ջոն քահանա Բեռը և Ս. Ներսես հայկական ընծայարանի տեսուչ (ԱՄՆ) Արժանապատիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Չևյանը:

Ջոն Բեռնը, կիսվելով իր տպավորություններով, ընդգծեց, որ իրեն շատ լավ է զգում առաջին քրիստոնյա երկրում, քանի որ մոտիկից հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու քրիստոնեական արժեքներին: Անդրադառնալով համաձայնագրի կնքմանը` նա փաստեց, որ այս նախագիծը յուրահատուկ առիթ է ընդլայնելու այն համագործակցությունը, որ երկար տարիներ է, ինչ Ս. Վլադիմիր ճեմարանն ունի Ս. Ներսես ընծայարանի հետ:

Իսկ Մարտիրոս ավագ քահանան իր խոսքում գոհունակությամբ փաստեց, որ օրը նշանակալից է նաև նրանով, որ Ս. Ներսես ընծայարանը, ունենալով ընդամենը շուրջ կեսդարյա պատմություն, այսօր կապող օղակ է հանդիսանում այս համաձայնագիրը կյանքի կոչելու գործում:

Օրվան համահունչ ասմունքեց ճեմարանական սաներից մեկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը կատարեց կոմիտասյան երգեր Ս. Պատարագի հատվածից քաղված:

Հանդիսությունն ամփոփվեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով:

Գևորգ Սրբազանն իր մասնավոր գնահատանքը բերեց նախագիծը կյանքի կոչող բոլոր անձանց, ապա հավելեց. «Այս համաձայնագրի ստորագրումը բխում է միջազգային կապերի ոլորտում Գևորգյան Ճեմարանի որդեգրած քաղաքականությունից. այն տրամաբանական շարունակությունն է նախորդ զարգացումների: Վստահ եմ, որ ապագայում երկուստեք ականատես կլինենք բարերար արդյունքի, այն ոչ միայն կհարստացնի հոգևոր կրթության ոլորտում մեր ունեցած փորձառությունը, այլև կնպաստի երկու Եկեղեցիների միջև հարաբերությունների խորացմանը: Թո՛ղ Աստված օրհնի Գևորգյան, Ս. Վլադիմիր և Ս. Ներսես ճեմարանների առաքելությունը»:

Պայմանագրի ստորագրումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին             

Տեղեկատվական համակարգ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930