Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում

Հունիս 17,2016 20:25

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը ցավով նշեց, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում Սիրիայում դարձյալ զոհեր ենք ունեցել, հատկապես, Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծության հետևանքով:

Նիստը սկսելուց առաջ՝ Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը: Նա նշեց, որ նախորդ զեկուցումից հետո ընկած ժամանակահատվածում, ցավոք սրտի, Սիրիայում որևէ դրական առաջընթաց չի գրանցվել: Միջազգային հանրության միջնորդական ջանքերը դեռևս արդյունք չեն տվել: Զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայումս Սիրիայի տարածքի մեկ երրորդից ավելին գտնվում է ընդդիմադիրների և ահաբեկչական խմբավորումների ձեռքին: ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 18 մլն մարդ է ապրում, 7 մլն էլ տեղահանվել է: Պատերազմի հինգ տարիներին երկրի տնտեսությունը կրել է առնվազն 250 մլրդ դոլարի վնաս:
Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին՝ Սարմեն Բաղդասարյանը հայտնեց, որ 17-20 հազար սիրիահայ դեռևս այնտեղ են, իսկ թիվը տատանվում է ամռան ամիսներին՝ դպրոցների արձակուրդի հետ կապված բնակչության տեղաշարժով:

Պարոն Բաղդասարյանը, մասնավորապես, նշեց. «Վերջին շրջանում շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվեց Հալեպի հայկական թաղամասերում, ինչի հետևանքով յոթ զոհ ունեցանք, վնասվեց հայկական ծերանոցը,  Սուրբ Երրորդություն եկեղեցին, գիտակրթական և մշակութային նշանակության շինություններ: Այս պահին զգալի է հայերի արտահոսքը Սիրիայից Լիբանան, Հայաստան: Նվազել է հոսքը դեպի Շվեդիա և Կանադա, ակտիվացել է արտահոսքը դեպի Ավստրալիա»:

Անդրադառնալով Իրաքի հայկական համայնքին, զեկուցողը նշեց, որ իրաքահայերի թիվն, ըստ առաքելական առաջնորդարանի, չի գերազանցում 7500-ը, նրանց մեծ մասը բնակվում են Բաղդադում, և հավելեց. «Այս ծանր վիճակում գտնվող իրաքահայությունը այնուամենայնիվ, երկու օր առաջ դրամահավաք կազմակերպեց: Հավաքված 50 հազար դոլարը կփոխանցվի Արցախի օգնության հաշվեհամարին»:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը ներկայացրեց մայիսի 19-22 տեղի ունեցած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովի արդյունքները:
Նա նշեց. «Սա միջնորդող ծրագիր է և մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որը կոչվում է «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում»: Ծրագիրը միավորում է տարբեր շահառուների, որոնք ընդգրկված են սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերում: Մեր թիրախային խմբում այն սիրիահայերն են, որոնք պետք է ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքում»: Նրա խոսքով՝ դրանց թվում կարող են լինել արդեն բիզնես ունեցող գործարարներ, սկսնակ գործարարներ կամ ձեռնարկություններ, ինչպես նաև աշխատանք փնտրող մարդիկ՝ տարբեր ոլորտներից:

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանն անդրադարձավ սիրիահայերի համար կազմակերպված գործարարական դասընթացներին, նրանց ցուցաբերված գործնական աջակցությանը:

2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Կարմիր խաչի հայկական ընկերության երիտասարդական բաժնի վարիչ Կատարին Վարդանյանը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին, արժևորեց սիրիական պատերազմի առաջին օրերից մեր հայրենակիցներին պատսպարելու, նրանց ինտեգրման, սոցիալական խնդիրները կարգավորելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Նա, մասնավորապես նշեց. «Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք է անենք առավելագույնը՝ նրանց խնդիրները կարգավորելու և հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու համար»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930