Հունիսի 16-ի առավոտյան շուրջ կես ժամ կարկտահարություն եղավ Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքի հարավային մուտքի մոտ կայծակի հարվածից Բեջան Ամիրաղյանի վագոն-տնակի էլեկտրական սնուցման համակարգը այրվել է, շարքից դուրս է եկել վագոն-տնակում գտնվող հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ կայծակի հարվածից Բ. Ամիրաղյանի վագոն-տնակի դեմ-դիմաց գտնվող բենզինի լիցքավորման կայանի լցավորման համակարգը շարքից դուրս է եկել, այդ թաղամասում փչացել են հեռուստացույցեր, սառնարաններ, համակարգիչներ:
Հունիսի 16-ի, ժամը 15-ից հետո տեղացած հորդ անձրեւից գոյացած սելավները մեծ վնաս են պատճառել Բերդ քաղաքին, Բերդի տարածաշրջանի գյուղերին: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց,որ սելավներն ավերել են Բերդ քաղաքի համայնքային ճանապարհները, վարարած Տավուշ գետը քշել-տարել է կովեր,խոզեր, փոքր 3 կամուրջ: Վարարած գետը վնասներ է պատճառել ափամերձ տարածքում գտնվող հիմնարկներին, քշել-տարել է Բերդի ճանապահաշինական ձեռնարկության տարածքում կուտակված ավազի մեծ քանակություն:
Հեղեղը վնասներ է պատճառել նաեւ Իջեւան քաղաքում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ ներկայումս զբաղված են հեղեղի հետեւանքների վերացմամբ:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը հայտնեց, որ հեղեղները Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում ճանապարհներ են քանդել, վնասել կառույցներ: Մասնավորապես՝ Այգեձոր համայնքում քանդվել են գետի ափին գտնվող գաբիոններ, Խաչարձանում՝ տան հենապատ եւ այլն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ