Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ պետք է վերանայել Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, նաեւ կարիք կա վերանայելու, թե ինչ հնարավորություն կա բնական մրցակցային տեսակետից: Այս մասին այսօր նախարարն ասաց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում «Հայկական տնտեսագիտական միության 2016 տարեկան գիտաժողովի» մեկնարկի ժամանակ:
Նախարարն իր ելույթում մեկ առ մեկ նշում էր, թե ինչ պետք է փոփոխվի մեր տնտեսական քաղաքականության մեջ, հատկապես, ինչպես ինքն էր պարբերաբար ասում, ԱՄՆ այցից հետո կոնկրետ պատկերացումներ կան, թե շեշտն ինչի վրա պետք է դրվի:
«Աշխարհը արագ է փոփոխվում, այնքան մեծ արագությամբ, որ չհետեւենք՝ հետ կմնանք»,-ասաց Մինասյանը:
Իր ելույթում նախարարը կրկին անդրադարձավ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելուն. Դրանք են՝ տեքստիլը, գյուղատնտեսական արտադրանքը:
Կարդացեք նաև
Մինասյանն ասաց, որ սպառվել է այն ժամանակը, երբ նավթն ու գազը կարող են ապահովել էական առաջընթաց, եւ ամբողջ աշխարհը գնում է այլընտրանքային ռեսուրսների հիման վրա տնտեսական քաղաքականությանը: Այս առումով, Մինասյանի կարծիքով՝ Հայաստանն ունի հնարավորություն զարգացնելու այլընտրանքային էներգետիկան. «Կա հնարավորություն, պետք է կոնկրետ գործողություն անել»:
Նախարարը հիշեցրեց, որ արտահանումը շարունակում է էականորեն զիջել ներմուծումներին՝ 2.5-3 անգամ եւ այս ուղղությամբ էլ քաղաքականության վերանայման կարիք կա:
Մինասյանն անդրադարձավ նաեւ շաքարավազի շուկային, եւ նշեց՝«Մյուս ուղղությունը վերաբերում է ներմուծման փոխարինման այնպիսի ապրանքատեսակին, ինչպիսին շաքարավազն է: Տեղական հումքի վրա հիմնված շաքարավազի արտադրությունն ավելի օգտակար է, քան հումքի ներմուծը եւ վերամշակման արդյունքում արտադրանք ստանալը: Ուզեք, թե չուզեք, ես ձեր հայացքներից հասկանում եմ՝ մենք պետք է խոսենք մեր տնտեսության ցավոտ հարցի մասին՝ փաստացի տնտեսական մրցակցության սահմանափակման կամ գերկենտրոնացվածության մասին»:
Մրցակցության ապահովման մասին նախարարի տեսակետը՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ