ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ս/թ. հունիսի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անց է կացվել կլոր-սեղան քննարկում` ՌԴ բուհերի հայազգի ուսանողների և Ռուսաստանի տարածաշրջանների հայկական երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը, ով ընթերցել է մասնակիցներին ուղղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի ուղերձը, որում դեսպանն, անդրադառնալով Հայոց անկախ պետականության վերածննդին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության շուրջ աշխարհասփյուռ հայության միավորման և պետության զարգացման գործում երիտասարդության մասնակցության կարևորությունը:
Կլոր-սեղանին զեկույցներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներ Մարիա Բաբայանը, Բաբկեն Բադալյանը, Դավիթ Ասոյանը, ինչպես նաև “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանն ու Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:
Դեսպանության դիվանագետներն իրենց խոսքում կարևորել են Ռուսաստանի հայկական երիտասարդական կառույցների և դեսպանության միջև հետագա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զեկույցներով հանդես են եկել նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հայազգի ուսանողները: Ելույթներից հետո դեսպանության դիվանագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին:
Դեսպանությունում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել է Մոսկվայից, Տվերից, Վլադիմիրից, Սմոլենսկից, Պոդոլսկից, Նովոսիբիրսկից, Աստրախանից և ՌԴ այլ քաղաքներից շուրջ 60 երիտասարդ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության