Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Նախագահների հանդիպումը`«քննություն Ադրբեջանի համար»

Հունիս 17,2016 18:19

Հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համարում է «քննություն Ադրբեջանի համար»: Այսօր այդ մասին փոխարտգործնախարարն ասաց խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Շավարշ Քոչարյանը շրջանցեց լրագրողի հարցը` տեսնո՞ւմ է ինքն այդ հանդիպման անհրաժեշտությունն այն պարագայում, երբ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը ոչ միայն չի կատարվել, այլ անգամ ընթացքի մեջ չէ: Խոսքը շփման գծում համապատասխան տեխնիկական միջոցների տեղադրման մասին է, որոնք պետք է արձանագրեն, թե ո՞վ է առաջինը հարձակվում:

Հիշեցնենք, Վիեննայի հանդիպումից հետո, Բաքվում Ալիեւն ասաց, որ հրաժարվում է այդ համաձայնությունից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին օրերին սկսել են խոսել այն մասին, որ առայժմ տեխնիկական բարդություններ կան այդ առիթով: Մինչդեռ Վիեննայի հանդիպումից հետո, հայկական կողմը հայտարարում էր, որ հունիսին, նախագահների հանդիպում կլինի միայն այն պարագայում, երբ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները գործողության մեջ դրվեն:

Շավարշ Քոչարյանը կրկնեց, որ Վիեննայում չափազանց կարեւոր պայմանավորվածություններ են եղել. «Առաջընթացն այն է, որ ԵԱՀԿ-ն փաստաթղթային մասով համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է: Առաջինը՝ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի կարողությունների ավելացմանն է վերաբերում, որը կարեւոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար: Երկրորդը վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, որովհետեւ առ այսօր արդարացի դժգոհություն կար, հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե: Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել, ինչպես ապրիլյան ռազմական գործողությունների դեպքում, բայց հասցեագրված չեն»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի անձնական կարծիքով՝ դատելով պաշտոնական Ադրբեջանի գործողություններից, վերջինս ամենեւին էլ հակված չէ այդ մեխանիզմների լիարժեք ներդրման հարցում. «Եվ հենց հունիսի 20-ը ցույց կտա, կփորձի՞ ինքը այդ կարեւորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Հիշեցնենք, այս հանդիպման «կնքահայրը» Ռուսաստանն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդեն հայտարարել է, որ ինքը եւս նախագահների հանդիպմանը մասնակցելու է: Ֆրանսիական կողմի մասնակցության վերաբերյալ Շավարշ Քոչարյանն էլ տեղեկություն չուներ:

Բայց նա համաձայն չէ, որ ՌԴ-ն կրկին փորձում է բանակցություններում առաջատար դիրք գրավել. «Դժվար է ասել, որ ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որեւէ մեկը, ձեր ասած առաջատար դիրքն է գրավել, այսինքն` ավելի նախաձեռնող է եղել: Ներկայումս պատահական չէ այդ տպավորությունը, որ Ռուսաստանը կարծես ցանկանում է այդ առաջատարի ձեր ասած դիրքը գրավել, սակայն, համենայնդեպս մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երեքի միջեւ»:

«Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը գիտի, եւ մենք պետք է միշտ հստակ գիտակցենք, թե որտեղ է այն եզրը, որտեղ կար շահերի համընկնում, մյուս կողմից շատ կոպիտ սխալ կլիներ, երբ այն մարդիկ, ովքեր ավելին մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, քան դա իրականացավ, որպեսզի հիմա մտնեն այլ ծայրահեղության մեջ եւ փորձեն Ռուսաստանին դարձնեն մեզ թշնամի, դա կլինի ամենամեծ սխալը»,-ասաց Շավարշ Քոչարյանը`պատասխանելով հարցին`ՀՀ-ի եւ ՌԴ-ի շահերն այս փուլում համընկնո՞ւմ են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930