«Ինձ համար առավել կարևորը համակարգային բարեփոխումն է, որ ինչ- որ մի նորություն, օգուտ հասարակական արժեք ստանանք: Եթե նույն համակարգն է մնալու, ով ուզում է լինի նախագահ, այս համակարգն այնուամենայնիվ ինչ- որ տեղ անարդյունավետ բաց է մնալու մեր թույլ ուսերի վրա: Իսկ եթե ընտրվի նոր նախագահ, որ լինի ավելի երիտասարդ, եռանդուն, միևնույն է՝ ինչ էլ անի, իր փոքր անձի չափով կարող է ներազդել, բայց համակարգն իր արածը կանի»,-Գիտությունների ազգային ակադեմիայի կայանալիք նախագահական ընտրությունների մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը:
Նրա խոսքով ապրիլյան դեպքերը լայն հասարակությանը ցույց տվեցին, որ բարեշրջումների պահանջը վաղուց հասունացել է նաև գիտության ոլորտում` ԳԱԱ-ում. «Բնական գիտությունների առաջընթաց չտեսնելուն զուգահեռ, տեսանք հումանիտար գիտությունների հետընթաց: Հետընթաց կա նաև բնագիտական ճշմարիտ հայացքից, մտածողության ձևից:
Այսօր ԳԱԱ-ն ձեռք է բերել երկական ընկալում, մեկն իբրև ավելցուկ, բեռ՝ մնացած ԽՍՀՄ-ից, մյուսը՝ իբրև ազգային ունեցվածք, խորհրդանիշ: Այս երկու հակասական ընկալումները պահանջում են բալանսային լուծում»:
Ըստ պարոն Սահակյանի, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ ակադեմիային. «ԳԱԱ-ն ժամանակի, տնտեսական հնարավորությունների հետ հակասության մեջ է, ակադեմիական ինստիտուտները կարելի է պահպանել, կենտրոնական կառավարումը վերացնել: Պետք է կրճատել ԳԱԱ նախագահությունը և կենտրոնական ապարատը՝ ունենալով միայն ակադեմիկոսների և տնօրենների խորհուրդ: Բացի այդ, պետք է նաև տարիքային ցենզ սահմանել. 80 տարեկանը լրացած ակադեմիկոսները պետք է հրաժեշտ տան գիտական աշխատանքին և վաստակած թոշակի անցնեն: 80-ն անց խորհրդականներ պահելը ԳԱԱ-ի համար լրացուցիչ, անտեղի ծախս է. այնտեղ կան մարդիկ, որ իրենց անուն-ազգանունն անգամ չեն հիշում»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ