Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակներում Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։
Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին ԵԽ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար: Նա բարձր է գնահատել 2013թ. ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության պատշաճ մակարդակով անցկացումը։ Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել նաև ԵԽ ներքին զարգացումներում դեսպան Պապիկյանի ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի շրջանակներում, որի նախագահողը վերջին շրջանում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։
Դեսպան Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար: ՀՀ դեսպանը կարևորել է վերջինիս դերակատարությունը ԵԽ նպատակների իրականացման և համընդհանուր եվրոպական արժեքների առաջ մղման գործում։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել նաև Գլխավոր քարտուղար Յագլանդի ներդրումը Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում կշարունակեն վերընթաց զարգացում ապրել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-Հայաստան համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր, ԵԽ օրակարգային խնդիրներ։
ՀՀ ԱԳՆ