«Արդեն սովորական է դարձել, երբ մարդիկ անում են մեծ խոշոր գումարների հանցագործություն և ընդհանրապես ոչ թե պաշտոնանկ են լինում, այլ նորմալ «մարսում են»: Պետք է հասկանալ, որ մեր երկրում այդպես դրված է: Ուրիշ ինչ կերպ կարող ես բացատրել: Եթե մարդ կարող է «ափաշքարա» հանցագործ լինել, միևնույն ժամանակ շարունակել իր պաշտոնավարությունը: »,-Aravot.am-ի հետ զրույցում օրեր առաջ պարզ դարձած Մշակույթի նախարարության պետբյուջեին միլիոնների վնաս պատճառելու մասին ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը:
Նրա կարծիքով, խոսքը միայն Մշակույթի նախարարության մասին չէ. «Մշակույթն էլ ինչ- որ գումարներ ստանում է բյուջեից և ուղղում իր ուզած կողմ: Երբեմն ծիծաղս գալիս է, որ մեր երկիրը կառավարում են նման քանակությամբ մարդիկ. Շվեյցարիայի նման երկիրը վեց հոգի են կառավարում: էսքան նախարարն ու՞մ է պետք, ի՞նչ իմաստ ունի, երբ մի երևելի տնտեսություն էլ չունենք:
Դրա համար հասկանալով, որ սա ֆիկցիա է, մարդիկ պահը որսում են և փորձում այդ գումարներն օգտագործել ի օգուտ իրենց: Մեզ մոտ համազգային դժբախտություն է կաշառակերությունը: Ես չգիտեմ, կա՞ ինչ որ մեկը, որ կաշառակեր չի»:
Ըստ երգահանի, մշակույթի դաշտն անկառավարելի է. «Մշակույթը մեր աչքերում դրսևորվում է այն ժամանակ, երբ ինչ- որ գումար կա մեջը: Երբ գումար են տեսնում ինչ- որ բանի մեջ, անկախ նրանից, հետաքրքիր է, թե ոչ, ունի գեղարվեստական արժեք, թե չունի, անում են դա, իսկ եթե գումար չկա, անտեսվում է և ոչ մեկին պետք չէ»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ անտեսվում են ոչ միայն միջոցառումներ, այլ նաև անհատներ, որոնք նվիրյալ են և ուզում են անպայման իրենց մշակույթով մասնակից լինել երկրի կայացմանը, կառուցմանը, եթե այդ մարդիկ ընդհանրապես չեզոքացվում են, մնում են նրանք, որոնք զբաղված են գումարներ լվալով:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ