Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանի մարտիմեկյան ելույթներում այսօր քննարկելու հատուկ բան չեմ տեսնում». Կարեն Անդրեասյան (Տեսանյութ)

Հունիս 17,2016 17:33

«Առանց քաղաքական թիմի եւ քաղաքական ազդեցության` հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որոնց մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնում էի: Անգամ բղավում էի դրանց մասին, բայց դրանք շատ հաճախ չէին լուծվում, որովհետեւ օմբուդսմենը խնդիրները լուծող մարմին չէ: Խնդիրները լուծող մարմինները քաղաքական ուժերն են: Ինձ համար կարեւոր էր գտնել մի թիմ եւ հավատալ, որ իր ցանկություններն ու նպատակները համընկնում են իմ նպատակների հետ, դրանք են` երկրում տեսնել մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն եւ տնտեսական ազատ մրցակցություն»,-հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը. «Որպեսզի կուսակցության գաղափարներն իրականություն դառնան, ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, եւ կուսակցությունն արդեն հայտարարել է, որ գնում է ամբողջական իշխանափոխության: Ես էլ պատրաստ են այդ ճանապարհին իմ համեստ ներդրումն ունենալ: Այսօրվա սահմանադրությամբ իշխանափոխությունը նախագահի հրաժարականով չէ պայմանավորված, այլ գալիք խորհրդարանի դերով եւ ազդեցությամբ: Ամենակարեւորը` կարծում եմ` այս ամիսներին կուսակցությունը կունենա բավարար հանրային վստահություն եւ նույնիսկ առանց հետագա քաղաքական զարգացումները հաշվի առնելու` կունենա իր խոսքն ու ասելիքը` որոշումների կայացման մեջ»:

Անդրեասյանն ասաց, որ Վարդան Օսկանյանին եւ մյուս կուսակիցներին համարում է ազնիվ, պարկեշտ գործիչներ. «Տեսել եմ, թե ինչպիսի սկզբունքայնությամբ են նրանք մոտեցել իրենց աշխատանքին, խոսքերին եւ ելույթներին: Ինձ դա բավական է` այդ կուսակցության ծրագրերին հավատալու համար»:

Հարցին, թե Վարդան Օսկանյանի` մարտիմեկյան ելույթները տեսե՞լ է, Անդրեասյանը պատասխանեց. «Տեսել եմ: Այդ ելույթներում այսօր քննարկելու հատուկ բան չեմ տեսնում, որի մասին կմտահոգվեի` կուսակցությանն անդամակցելու որոշում կայացնելուց առաջ»:

Մյուս հարցին` Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ կգնա՞, Մարդու իրավունքների նախկին պաշտպանն այսպես արձագանքեց. «Ճանապարհ չեմ կարող գնալ միայն բանսարկուների եւ այն մարդկանց հետ, որոնց խոսքն ու գործն իրար հետ չեն համընկնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930