«Ոչ մեկը սրանից մեկ ամիս առաջ չէր հավատա, որ կարող ենք նկարահանելու ու օնլայն յուրաքանչյուր տեղամասի հետեւելու հնարավորություն ստեղծել, ընտրացուցակները հրապարակել համարներով, սա աննախադեպ հաջողություն է», – Ընտրական օրենսգրքի շուրջ փոխհամաձայնության մասին քաղաքական ուժերի ստորագրած հայտարարության մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, շատ երկար չարչարանքի արդյունքում են հասել դրան, բայց կա մի բայց. «Այս հայտարարությունն առաջին քայլն է, որին հետեւելու են նույնքան ծանր աշխատանքներ, այդ փաստաթղթի իրականացումը դժվար է լինելու, որովհետեւ կան չցանկացողներ, որոնք փորձելու են խոչընդոտել: Հնարավոր է՝ դա լինի ֆինանսավորման ճանապարհին»:
Արամ Մանուկյանը համաձայնության մասին հայտարարությունը կոնսենսուս չի համարում. «Ամենեւին կոնսենսուս չէ, ԸՕ-ին չի վերաբերում, չի երաշխավորում արդար ընտրությունների ընթացքը, սա տեխնիկական վերահսկողության բավականաչափ տարրեր է մտցնում, լուրջ բազա է լավ աշխատելու համար, բայց ոչ ոք չի կարող ասել, որ հաջորդ ընտրությունները կլինեն լեգիտիմ ու արդար:
Սա քաղաքական համաձայնագիր չէ իշխանությունների հետ, ընդդիմություն- իշխանություն հարաբերությունների առումով ոչինչ չի փոխվել, մեր հարաբերություններն ու դիրքորոշումները մնում են նույնը՝ անկախ այս համաձայնագրից»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը պատմեց, որ քաղաքացիական հասարակության պահանջներից մի քանիսը չկատարվեցին, մասնավորապես մամուլի սահմանափակման ու դիտորդական կառույցների սահմանափակման կետը. «Չկարողացանք՝ այդ կետերը ներառել, կփորձենք իշխանություններին համոզել, որ կան շատ կետեր, որոնք մնացին չիրականացած, բայց գործընթացը քաղաքական է, ու փոխզիջումներ են պահանջվում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ 4+4+4 ձեւաչափով երկար տեւած քննարկման արդյունքում հաջողվեց հինգ կետերից չորսի հետ կապված փոխհամաձայնության գալ. «Գտանք ելքեր, ընտրություններին մասնակցելու համար ունենալ մեկ միասնական փաստաթուղթ՝ նույնականացման քարտերը: Միակ հարցը, որի շուրջ չեկանք համաձայնության՝ ընտրական ռեյտինգային համակարգն է…Երեկվա իրադարձությունը համարում եմ եւ պարտադրող եւ պատմական»:
Նա նաեւ հավելեց, որ առաջարկվող փոփոխությունները պարտադրում են փոփոխություններ ԸՕ-ում , այդ փոփոխությունները կիրականցնեն հունիսի 27-ին արտահերթ նիստով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի