Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ԱԺ-ում ներկայացրեց «Վերարտադրական առողջության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կանխարգելելը:
Դրա հետ կապված բուժաշխատողների պատասխանատվությունն է հստակեցվում: Օրենքով ամրագրվում է, որ արգելվում է 12-22 շաբաթական հղիության ընդհատումը:
Միաժամանակ սահմանվում է պահանջ, որ օրենքով չարգելված դեպքերում արհեստական ընդհատման համար դիմած կանանց պետք է բժիշկները վերջնական որոշում կայացնելու համար 3 օր ժամանակ տան, ինչը կիրառվում է այլ պետություններում:
Հղիության արհեստական ընդհատման համար բժիշկը պետք է ստանա գրավոր դիմում կնոջից կամ նրա օրինական ներկայացուցչից, կանանց անվճար խորհրդատվություն տրամադրի, փորձի երեխայի սրտի բաբախը լսել տալ ծնողին, որը նույնպես կանխում է աբորտը:
Կարդացեք նաև
Վարչական պատասխանատվություն է նախատեսվում այն բժիշկների համար, որոնք իրենց պարտականությունները չեն կատարի կամ ոչ պատշաճ կկատարեն: Նրանք կտուգանվեն, կախված արարքից, 40-100 հազար դրամ:
Մարգարիտ Եսայանը մտահոգություն հայտնեց՝ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ բժիշկների փոխարեն աբորտ փորձեն անել այսպես ասած «տատմերերը»: Նախարարը պատասխանեց, որ սեռով պայմանավորված աբորտների խնդրում հայտնի մարդկանց իրականացրած ֆլեշմոբերը բավականին լավ ազդեցություն են ունեցել, երբ իրենց աղջիկ երեխաների լուսանկարներն էին հրապարակում:
Ինչ վերաբերում է վերահսկողությանը, նախարարն ասաց, որ պատկան մարմինները պետք է վերահսկեն եւ անհրաժեշտության դեպքում տուգանեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ