«Առաջին դիտողությունը՝ եթե մենք ընդունում ենք օրենսգիրք, պետք է հասկանանք, որ մեզ պարզ է տնտեսության զարգացման հորիզոնը, մենք գիտենք` 15 տարի հետո ինչ տնտեսություն է լինում, եւ որ հարկային համակարգն է այդ ձեւի տնտեսությանը ճիշտ»,- հունիսի 17-ին «Հայացք» մամուլի ակումբում, անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծին, ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ այդ հարցը լուծված չէ՝ կառավարությունը տեսլական չունի, թե 15 տարի հետո տնտեսությունը ինչ տեսք կունենա: Հրանտ Բագրատյանը համարում է, եթե առաջիկայում տեղի չունենա ամբողջ պետության հանձնումը փոքր եւ միջինին մինչեւ 88 տոկոսը. «Հնարավոր չէ խոշորով զարգացնել Հայաստանը: Դրա վառ վկան է վերջին 3, 4, 5 տարիների փորձը, երբ որ երկիր եկավ 3.5 միլիարդ դոլարի փող, բայց ՀՆԱ-ն ոչ թե 3.5 միլիարդ դոլարով էլ չաճեց, այլ պակասեց: Խոշոր օպերատորներ ունենք՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, հնարավոր չէ, որ խոշոր օպերատորը կրեատիվ ձեւով զարգացնի: Հնարավոր չէ, որ այսօր խոշոր որեւէ ֆիրմա տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնի»:
Հրանտ Բագրատյանը համարում է, որ հանրապետության ղեկավարությունը չի հասկանում, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների ծաղկումը ամբողջ աշխարհում կապված է նրանով, որ ոչ թե գերակշռում են աշխատանքի բաժանման միտումները, որոնք բնորոշ են ինտեգրացման գործընթացներին. «Այս մոտեցումը, այս մտածելակերպը անպայման ձախողված է: Սա տեսականորեն եւ գործնականորեն սխալ մոտեցում է»:
Նա նկատեց, որ Հարկային օրենսգրքի նախագիծը խոշորի համար իջեցնում է հարկերը, իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար՝ բարձրացնում. «Այսինքն՝ արվում է համաշխարհային տնտեսական զարգացման էվոլյուցիային հակառակ քայլ: Ես միայն ցավում եմ, այսպիսի խոսակցությունը հնարավոր չէ իշխանության մոտ: Իհարկե՛, մենք չենք հուսահատվում եւ էլի պետք է հրավիրենք այս խոսակցությանը, էլի ճիշտ հակառակն է անում, ինչ պիտի աներ օրենսգրքով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ