Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ ժողովրդական արտիստ, Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր Թովմաս Պողոսյանի հայտնի նախաձեռնության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թովմաս Պողոսյանի դպրոցի մանկահասակ սաներին բերել էին Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստյան արարողությանը, եւ այս քայլը վրդովմունք էր առաջացրել:
«Կառավարական հանձնաժողովը հստակ քննարկել էր ամբողջ արարողությունը, եւ, բնականաբար, այդպիսի դրվագ նախատեսված չէր, դա անհատի ցանկություն է եղել, որը կապ չուներ կառավարական հանձնաժողովի հետ»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Խնդրեցինք, այնուամենայնիվ, գնահատական տալ Թովմաս Պողոսյանի քայլին:
«Ես կարծում եմ, որ երեխաների հետ պետք է ավելի ուշադիր լինել, չեմ կարծում, թե կատարվածում միտումնավոր վերաբերմունք կա, պարզապես ցանկացել են, որ երեխաները ինչ-որ ձեւով հարգեն երգչուհու հիշատակը, բայց ես կարծում եմ, որ նման հարցերում մի քիչ պետք է զգույշ լինենք»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ