Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանն առաջարկում է ԱԺ ամբիոնի մոտ գոնե երգել՝ պատգամավորներին արթնացնելու համար

Հունիս 17,2016 15:56

Այսօր ԱԺ-ում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը ներկայացրեց Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է, որ ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների տրամադրման եւ թույլատրման գործընթացները հստակեցնել ու որոշել՝ ելնելով միջազգային պրակտիկայում ընդունված փոխադարձության սկզբունքից, այսինքն՝ ինչպես իրենք մեզ, այնպես էլ մենք՝ իրենց:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը սրտնեղեց՝ տեսնելով դատարկ դահլիճը. «Հումորով եմ ասում հարգելի խորհրդարան, որովհետեւ ինձ թվում է մի տեսակ կիրակնօրյա մթնոլորտ է տիրում այսօր մեր խորհրդարանում»:

Նա կոչ արեց իր գործընկերներին, որ գան ԱԺ նիստերի դահլիճ՝ հիշեցնելով. «Այն աշխատավարձը, որ մենք ստանում ենք, ստանում ենք հարկատուների հաշվին: Քանի որ բուն աշխատանքային պարտականությունն է աշխատանքներին  ներկա լինել ոչ միայն հերթական նիստերին, այլեւ՝ արտահերթ նստաշրջանում: Ես ակամա հիշեցի Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գրեթե բոլորս ծուլության մեջ ենք»:

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաեւ Հռոմի պապի այցելությանը եւ ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանը պատշաճ չարձագանքեց պապի խոսքերին. «Հռոմի պապի հայտարարությունը գիտենք, որ արվել է երեկ: Նա հայտարարել է, որ ինքը գալիս է Հայաստան՝ ուխտագնացության, այսինքն, մենք պիտի ուղղակի հպարտանանք, փորձենք արժանի լինել այս հայտարարությանը: Իրականում տեղի է ունենում պատմական իրադարձություն: Համայն աշխարհին Հռոմի պապը հայտարարեց, թե ով է հայը, ինչու է ինքը գալիս Հայաստան, սա խիստ պարտավորեցնող է: Ես կուզեի, որ մենք դահլիճի մակարդակով մի փոքր համապատասխանեինք ուխտագնացության երկրին»:

Նկատելով, որ շեղվում է օրենքի նախագծի քննարկումից՝ Մարգարիտ Եսայանն ասաց. «Եթե ես բարձրանայի ամբիոն ու ոչ մի բան չասեի, պարզապես երգեի, դա ավելի մեծ ուրախությամբ կլուսաբանվեր ԶԼՄ-ներում, քան այն լռությունը, որ մենք ունենք այսօր դահլիճում: Երևի, ճիշտ կլինի, որ երբեմն-երբեմն ինքներս մեզ արթնացնելու համար այս ամբիոնից պարզապես երգենք որեւէ երգ, որ շատերը հասկանան, թե որտեղ են գտնվում, ինչի են գտնվում, ինչ անելու են եկել»:

Մարգարիտ Եսայանը զգուշացրեց, որ ինքը վատ է երգում, եթե երգի՝ որոշ թռչուններ կհայտնվեն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում երգելու գաղափարը չողջունեց՝ ասելով, որ սա քաղաքական ամբիոն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930