Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Հայտ ենք ներկայացնում լինել նոր իշխանության հուսալի հավակնորդ»

Հունիս 17,2016 15:09

«Համախմբում» կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթը  կուսակցության հիմնադիր համագումարում։ 

«Շնորհակալ եմ վստահության համար: Ջանք չեմ խնայելու, որ մենք միասին
հասնենք մեր նպատակներին, որոնց իրականացման համար և ստեղծում ենք այս
կուսակցությունը:

Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր կառավարման ողջ ձևը խարսխված է
կուսակցական համակարգի վրա, «Համախմբումը» նոր մշակույթ կբերի
կուսակցաշինության գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և թափանցիկ,
հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի, հատկապես երիտասարդներին,
ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն  կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ ծրագիր և նպատակային լուծումներ: Մենք հայտ ենք ներկայացնում ձևավորելու քաղաքական բևեռ և մեր հանրության համար լինելու նոր իշխանության հուսալի հավակնորդ: Միանգամից ասեմ, որ «Համախմբումը» կուսակցություն է՝ ինչքանով որ օրենքի  պահանջն է: Անդամակցությունը նրան կարևոր է այնքանով, ինչքանով որ օրենքի պահանջն է: Սա լինելու է վերկուսակցական կառույց, լինելու է ժողովրդական շարժում, որը համախմբելու է մեր ողջ հանրությանը:

Այդ ճանապարհին մենք պատրաստ կլինենք, առանց որևէ բացառության,
համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և
անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում հասնել իշխանափոխության և
իրականացնել արմատական փոփոխություններ: Կուսակցությունը ստեղծվում է մեր երկրի և ժողովրդի համար ճակատագրական պահի: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, մեր գլխի վերևում կախված է պատերազմի վտանգը, տնտեսությունը որերորդ տարին է՝ լճացման մեջ է, արտագաղթը կանգ չի առնում, խորանում է ժողովրդի բարոյալքությունը: Ժողովրդի պահանջն ու ակնկալիքն են երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց առօրյա կենցաղային հարցերի լուծումը: Մարդիկ փափագում են, որ երկրում տիրի արդարություն, պաշտպանվածություն և հավասար հնարավորություններ բոլորի համար: Այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընդամենը պահանջում է այն, ինչ նվազագույնն է, որն իրեն խոստացված է Սահմանադրությամբ: Մի՞թե անկախությունից քսանհինգ տարի անց հայրենի պետությունը չի կարող իր ժողովրդին ապահով, արդար և արժանապատիվ կյանք երաշխավորել: Իհարկե, կարող է:

Մի՞թե անկախությունից քսանհինգ տարի անց հայրենի պետությունը չի կարող իր
ժողովրդին հույս ու հավատ տալ երկրի ապագայի նկատմամբ: Իհարկե, կարող է: Դրա համար շատ բան պետք չէ: Ընդամենը պետք են տեսլական, հստակ ծրագիր և
անձնական, հատվածական, կուսակցական շահերից վեր կանգնելու կամք և
ազնվություն: Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են: Այս երկու հարթությունում առաջ ենք գնացել այնքան, որ կարելի է ձևացնել, թե ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չենք գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց մեզ՝ մեր իսկ հասարակության ու միջազգային հանրության համար: Օրինակ՝ եթե դուք զբաղվում եք գործարարությամբ, ամեն օր ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները
հավասար չեն, ազատ մրցակցություն չկա, և որ չեք կարող վստահ լինել ձեր
սեփականության անձեռնմխելիությանը: Իսկ երբ ձեր առօրյա կյանքում շփվում եք
իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկան հանդուրժողականություն,
արդարություն և խոսքի լիակատար ազատություն: Արդարությունն այն չէ, երբ դատարանն արդար լուծում է երկու խեղճ ու կարիքավոր հարևանների միջև ծագած վեճը: Արդարությունն այն է, երբ խեղճի և հզորի, փող և քաղաքական լծակներ ունեցողի միջև ծագած վեճում չի լինում իշխանական միջամտություն, երբ առանց կաշառք վերցնելու՝ դատարանն արդար վճիռ է կայացնում:

Խոսքի ազատությունն այն չէ, երբ թերթերն ու կայքերը գրում են՝ ինչ ուզում
են, այլ այն, երբ լրատվական ողջ դաշտը թողնված է իր բնականոն զարգացմանը,
իսկ հանրությանն ամենահասանելի լրատվության միջոցը՝ հեռուստատեսությունը,
ազատ է, և նրան օրակարգ ու սև ցուցակներ չեն պարտադրվում: Խոսքի
ազատությունն այն է, երբ դպրոցի տնօրենը կարող է իր քաղաքական դիրքորոշումն
արտահայտել և մյուս օրն աշխատանքից չհեռացվել: Խոսքի ազատությունն այն է,
երբ գործարարը կարող է հստակ քաղաքական դիրքորոշում և պատկանելություն
ունենալ, և մյուս օրը նրա դռան առաջ չհայտնվի հարկայինը: Այլ կերպ ասած՝ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, բայց իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելն ավելի վտանգավոր է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:

Հարգելի՛ ներկաներ,

Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ
քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, որոնք յուրաքանչյուր անհատի
հնարավորություն են տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ:
Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող,
քամող, որտեղ ռեսուրսները կենտրոնանում են նեղ խմբի կամ խմբերի ձեռքում:

Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է
ծնում պետության և հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ:
Այո՛, հենց քաղաքական մենաշնորհն է պատճառը, որ երկրում կա անարդարության
ու անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական մենաշնորհն է, որ ծնում և
սնում է տնտեսական մենաշնորհը, ինչը կործանում է երկրի տնտեսական համակարգը և խոչընդոտում զարգացումը: Քաղաքական մենաշնորհի պատճառով է, որ Հայաստանում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այդ նույն մենաշնորհն է, որ
մարդուն դարձնում է հպատակ և ոչ թե հպարտ քաղաքացի, որն, ի վերջո,
արտագաղթում է երկրից: Ահավասիկ, այս բոլորն ուղղելու և իսկական հավասարության և ազատականության հասնելու հավատամքով և նվիրումով է, որ «Համախմբում» կուսակցությունն իշխանություն վերցնելու և հաջորդ տարիներին երկրի ապագան կերտելու հայտ է ներկայացնում: Մեր աշխատանքային ծրագիրը խարսխված կլինի չորս հիմնասյուների վրա՝

Առաջին՝ արմատական, երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումների իրականացում,
այն էլ՝ հնարավորինս կարճ ժամանակում:

«Freedom House»-ի 2016-ի ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը
դասակարգվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ ունեցող երկիր:  Նույն կազմակերպության Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկիր է: «Transparency International»-ի կոռուպցիայի
ընկալման ինդեքսում Հայաստանը Եվրոպայի հետնապահների շարքում է: «World
Economic Forum»-ի Մրցունակության համաշխարհային ինդեքսում ևս հետևներում
ենք: Եթե այս ամենը դնենք մեկ նախադասությունում, կստացվի, որ մենք ապրում ենք կիսաավտորիտար, ոչ ազատ մամուլով և կոռուպցիայի բարձր հակումներ ու ցածր մրցունակություն ունեցող երկրում: Իհարկե, այդ բոլորն իմանալու համար մեր
հանրությունը կարիք չունի այս և այլ գնահատականների: Այդ ամենի անմիջական
հետևանքները Հայաստանի քաղաքացին տեսնում է իր առօրյա կյանքում և զգում իր
մաշկի վրա: Բայց եթե մենք զարմանում ենք, թե ինչու աշխարհի առաջատար ժողովրդավարական պետությունները մեր նկատմամբ արհամարհանքով են վերաբերվում, և որ տարեցտարի Հայաստանի համար խիստ անհրաժեշտ արտաքին ներդրումները նվազում են մինչև 60-70 տոկոսով, ապա դրանց պատասխանը հենց այդ միջազգային գնահատականների մեջ պետք է փնտրել: Հավատացե՛ք, որ երբ օտարերկրյա գործարարը ծրագրում է Հայաստանում ներդրում անել, նա ոչ թե զանգում է այս կամ այն երկրում մեր դեսպանին՝ իմանալու երկրի ներդրումային միջավայրի մասին, այլ նախ և առաջ ապավինում է հենց այդ միջազգային վարկանիշերին, որտեղ և ամեն ինչ ավարտվում է:

Մենք խնդիր ենք դնելու ամենակարճ ժամկետներում Հայաստանի դասակարգումը
բարձրացնել վերոնշյալ և ժողովրդավարությունը, ազատությունները,
արդարությունն ու ազատ շուկայական հարաբերությունները բնութագրող բոլոր այլ
վարկանիշերում: Վստահ եմ, որ հնարավոր է միջազգային այդ վարկանիշերում
Հայաստանը բերել առաջին 20-30 երկրների շարքը:

Դրան հասնելը բացարձակապես կապ չունի երկրի ո՛չ ռեսուրսների, ո՛չ
աշխարհագրության, ոչ էլ փակ սահմանների հետ: Ընդամենը կապ ունի օրվա
իշխանության քաղաքական կամքի և նրա նախանշած առաջնահերթությունների հետ: Մենք ունե՛նք քաղաքական այդ կամքը, և մեր առաջնայնությունները չեն կարող այլ լինել, քան երկրի և ժողովրդի շահերը: Երկրորդ՝ համարձակ, խիզախ և ընդլայնողական, բայց՝ իրատեսական տնտեսական քաղաքականություն: Տարիներ շարունակ երկրում արմատական բարեփոխումների իսպառ բացակայությունը
և հիմնականում դրա հետևանքով բյուջեի և գնաճի թիրախավորումները հանգեցրել
են մեր տնտեսության լճացմանը՝ երկիրը ներքաշելով տնտեսագիտությունում
հայտնի, այսպես կոչված, «աղքատության թակարդի» մեջ՝ արգելափակելով
տնտեսական աճն ու զարգացումը: Ո՞րն է այս թակարդի էությունը: Որպեսզի աղքատությունը նվազի կամ վերանա, անհրաժեշտ է տնտեսական մեծ տեմպերով աճ: Իսկ աճի մեծ տեմպ ապահովելու համար անհրաժեշտ է բնակչության լայն շերտերի բարձր գնողունակություն, ինչը չի կարող լինել աղքատության այսօրվա մակարդակի պայմաններում: Մենք գնալու ենք բոլորովին այլ ճանապարհով: Ներմուծելու ենք տնտեսական քաղաքականության նոր մտածողություն: Մեր թիրախները կլինեն ոչ այնքան բյուջեի կատարումն ու գնաճի զսպումը, որքան տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Դրա համար կկիրառվի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն:

Միայն նման խիզախ մոտեցման դեպքում հնարավոր կլինի դուրս գալ աղքատության, դեֆիցիտի, արտաքին պարտքի և այլ տեսակի թակարդներից, որոնցում այսօր հայտնվել է մեր տնտեսությունը: Իհարկե, քաջ գիտակցում ենք, որ
ընդլայնողական նման մոտեցումը կաշխատի և արդյունավետ կլինի միմիայն նշածս
արմատական փոփոխությունների իրականացման դեպքում:

Երրորդ՝ անվտանգության և պաշտպանության հարցերի վերագնահատում: Ապրիլյան պատերազմը բացահայտեց անվտանգության հարցերում մեր կազմակերպչական, մարտավարական թերացումները և սպառազինության խնդիրները: Այս բոլորը վերագնահատման կարիք ունեն: Սակայն մի բան ակնհայտ է՝ մենք պետք է ձգտենք խաղաղության՝ միշտ պատրաստ լինելով պատերազմի: Խաղաղության մեր ցանկությունը դեռևս բավարար չէ: Նման ցանկություն պետք է լինի մեր հակառակորդի մոտ: Հետևապես, այս ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը կարող է երկար ձգվել:

Բանակը պետք է դադարի «բեռ» լինել բյուջեի համար, իսկ երիտասարդների
զինվորական ծառայությունը՝ մտահոգություն նրանց ծնողների համար: Բանակը
պետք է դառնա մեր պետության ամենաառաջադեմ և էլիտար կառույցը: Այնտեղ մեր
երիտասարդները պետք է ցանկանան ծառայել: Այն պետք է լինի նրանց հետագա
հաջողության գրավականը: Բանակը պետք է դառնա մեր տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը՝ իր պատվերներով ու պահանջարկով: Բյուջեից տրամադրված յուրաքանչյուր լումա պետք է բազմապատիկ վերադարձելիություն ապահովի տնտեսության մեջ: Բանակը պետք է դառնա կրթական դարբնոց, որը յուրօրինակ լրացում կլինի հանրակրթությանն ու բուհական կրթությանը:

Վերջապես, վերադարձ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը: Վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական
հենք և միջոցից վերածվել է նպատակի: Էապես խախտվել է մեր արտաքին քաղաքական հավասարակշռությունը համաշխարհային երեք բևեռների միջև, այդ իսկ պատճառով երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել որևէ շոշափելի առաջընթաց, եթե չասեմ, որ հետընթաց ենք ունեցել բոլոր ուղղություններով:

Որպես արտաքին քաղաքականության գաղափարական հենք՝ մենք կվերադարձնենք
կոմպլեմենտարիզմը, որը տասը տարի մեծ արդյունավետությամբ ծառայել է
Հայաստանի Հանրապետության նպատակների իրականացմանը: Տասը տարի պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվել են օտարերկրյա ներդրումների հարաճուն հոսք և երկրի շարունակական տնտեսական աճ:

Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է: Եթե ոչ ինքնորոշումը՝ որպես այդպիսին,
ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային
հանրության կողմից: Այս տարիների ընթացքում մենք մի բան միանշանակ ենք
դարձրել՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այսօր մեր խնդիրը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչմանը հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

Սիրելի՛ ներկաներ,

Սփյուռքը մեր անգնահատելի ռեսուրսն է: Սփյուռքը հայության անբաժանելի մասն
է, և Հայաստանը նրա տունն է։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դուրս գան ավանդական ու ձևական հարաբերությունների մակարդակից և կրեն գործնական ու բովանդակային բնույթ: Առավել նպատակային քաղաքականություն պետք է վարել Հայաստանի քաղաքացիությունը յուրաքանչյուր հայի համար առավել հասանելի դարձնելու համար։

Սփյուռքը Հայաստանին ինտեգրելու լավագույն ճանապարհը բաց և ժողովրդավար
հասարակության, մրցակցային տնտեսության և անկախ դատաիրավական համակարգի ստեղծումն է:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դառնան երկկողմանի ճանապարհ։ Մի կողմից Հայաստանը պետք է նպաստի դրսում հայապահպանությանը, մյուս կողմից Սփյուռքն իր ակտիվ ներգրավվածությունը պետք է ունենա Հայաստանի ժողովրդավարացման և տնտեսության զարգացման գործում՝ դառնալով այդ ամենի շահառուն։

Սփյուռքը հայրենիքին կապելուց առաջ, սակայն, շատ ավելի կարևոր է կանխել
արտագաղթը:

Արտագաղթը մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է: Այն
քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական անդառնալի
հետևանքներ կարող է ունենալ մեր պետականության զարգացման ու հետագա
գոյության համար:

Մեր կուսակցությունը վստահ է, որ արդարության հաստատումը, ընտրությունների
արդյունքում լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, արհեստական
մենաշնորհներից ձերբազատումը և հավասար մրցակցային պայմաններ ապահովող
տնտեսական քաղաքականության իրականացումը կնպաստեն ոչ միայն արտագաղթի կտրուկ կրճատմանը, այլև էապես նպաստի ներգաղթին:

Հարգելի՛ ներկաներ,

Անկախությունից հետո ես և իմ ընտանիքը ներգաղթի առաջին ծիծեռնակներից էինք:
Ես եկել եմ Հայաստան հույսով, հավատով ու երազանքով: Քսանհինգ տարի անց,
հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես շարունակում եմ
հավատալ Հայաստանի ապագային:

Որպես մարդ՝ ես ունեմ իմ բազմաթիվ թերությունները: Բայց երկու բանում ես
ինձ համարում եմ անթերի՝ նվիրումը հայրենիքին և ազնիվ ու անկեղծ աշխատանքը
պետական համակարգում:

Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնավարման
սկզբից: Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք եղել եմ արտաքին գործերի
փոխնախարար, ապա՝ առաջին փոխնախարար: Ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ
ժողովրդին և պետությանը:

Ես այլոց նման գումարներ չեմ աշխատել Հայաստանում և գույք ու հարստություն
դիզել Արևմուտքում: Լրիվ հակառակը՝ ես իմ անձնական կապերով ամեն ինչ արել
եմ մեր երկիր գումարներ ներգրավելու համար: 1998-ին ստանալով Հայաստանի
Հանրապեության քաղաքացիություն՝ հրաժարվել եմ Միացյալ Նահանգների
քաղաքացիությունից: Ես կյանքիս վեց տասնամյակների ուղիղ կեսն ապրել եմ
հայրենիքում: Ես Հայաստանում ապրելիս երբեք չեմ զգացել որպես դրսից եկած
մարդ: Եթե կուզեք, ես իսկական հայաստանցի եմ, իսկական ղարաբաղցի, իսկական
հալեպցի, որը հաստատ պակաս բան չի արել իր հայրենիքի համար, քան ուրիշները,
քան գործող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանը մեծ հնարավորոթյունների երկիր է: Հայ ժողովուրդն աշխարհում մեծ
ռեսուրսների է տիրապետում և մեծ հնարավորություններ ունի: Մենք ունենք մեկ
հայրենիք, և անթույլատրելի է այդ հայրենիքի այսօրվա աղետալի վիճակը:
Այսօրվա անմխիթար իրականությունը վատ կառավարման, վատ կառավարիչների, կամքի ու տեսլականի բացակայության հետևանքն է:

Ես վստահ եմ, և մենք բոլորս համոզված ենք, որ այդ ամենը կարելի է փոխել, և
կարելի է փոխել կարճ ժամանակում, ինչի համար և ստեղծում ենք այս
կուսակցությունը:

Շնորհակալություն և բարի երթ մեր կուսակցությանը:

«Համախմբում» կուսակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930