Այսօր կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն անդրադարձավ տեղեկատվական դիվերսիաներին ու պատմեց, թե իր մասին որ կայքն ինչ հայհոյանքներ է գրել. «Քառօրյա պատերազմների օրերին պարտքս համարեցի հանդես գալ մամուլում եւ գիրք հրապարակել, որը վերնագրված է «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է»: Այն բաժանվեց Մինսկի խմբի համանախագահողներին»:
Նա պատմեց, թե կայքերից, որոնք ունեն իր խոսքերով՝ «կոյուղատարի համբավ» ու ինչ լուտանքների տարափ են թափել իր գլխին՝ այդ գրքի հրապարակումից հետո. «Այնքան որ անձնական վիրավորանքներ անեն»:
Գեղամյանը վստահեցրեց, որ իր գրքերը իրականում սարսափելի խոցելի են դարձնում Ադրբեջանի դիրքերը ու թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան չէր կարող անտարբեր անցնել իր կողքով. «Ելույթներիցս ու գրքի հրատարակումից հետո մեկ էլ հայհոյանք եմ կարդում Samoarm1 կայքում: Որոշ կասկածներ առաջացավ, որ կարող է հայեր են կանգնած դրա հետեւը: Եվ եթե հայեր են, ապա երեւանյան բարբառով ասած՝ նրանք ոչ այլ ոք են, քան Սովետաշենի զիբիլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ»:
Ըստ նրա, այս կայքի հետեւից քոչարյանամետ կայքերը նույնպես սկսել են իր դեմ խոսել:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից դիմում է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Վարդան Օսկանյանին. «Ձեզ գովերգող կայքերի գամերը քաշեք: Եթե ձեզ թվում է ես պետք է այս կամ այն դուրսընկած լրագրողին քննադատեմ՝ սխալվում եք: Մի՛ արեք, որ ես իմ տարերքի մեջ ընկնեմ ու սկզբից մինչեւ վերջ հիմնավոր կերպով քննադատության թիրախ դարձնեմ ձեզ: Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավոր ձեր պռոպիսկան անգամ փոխեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ