Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Ավելացված արժեքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախարարը, մոտենալով ԱԺ ամբիոնի մոտ, նախ ծոցագրպանից հանեց իր բջջային հեռախոսն ու ցուցադրեց. «Իմ ձեռքում է հայկական առաջին բջջային հեռախոսը: Կարծում եմ, նաեւ մեզնից պետք է սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»:
Օրինագծի հետ կապված՝ պարոն Մինասյանն ասաց, որ տնտեսության մի շարք ոլորտներում միջազգային դոնորները ցանկանում են դրամաշնորհներ տրամադրել, գործող օրենսդրության համաձայն, այդ դրամաշնորհով մատուցվող ծառայությունները, ապրանքները հարկվում են ԱԱՀ-ով: Դա խոչընդոտ է հանդիսանում, որ դոնորները համապատասխան աջակցություն տրամադրեն, որովհետեւ հավելյալ 20 տոկոս հարկման բեռ է լինում:
Հիմա կառավարությունն առաջարկում է, որ սուբսիդիաների, դրամաշնորհների շրջանակներում իրականացվող գործարքներն ազատվեն ԱԱՀ-ից, եթե ծրագրերը արժանանան կառավարության մասնագիտացված հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանն առաջարկեց, որ այդ հանձնաժողովում ներգրավեն նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներին ու պատգմավորներին: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ ինչքան լայն լինի շրջանակը, այնքան ավելի լավ քննարկում կկազմակերպվի, ուստի կողմ են դրան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ