«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Վաչե Կամավոսյանի տեղակալ Արամ Բեյբությանը դանակի սպառնալիքով առևանգել է Էջմիածին-Երեւան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը եւ ջարդուփշուր արել այն։
Սկզբում զգուշացրեց
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան առ այն, որ հունիսի 15-ին Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում գնացել է Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ եւ սպառնացել է վարորդներին, որ դադարեցնեն երթեւեկությունը եւ փակեն «գիծը»։ Վարորդները Բեյբությանին հորդորել են հանգստանալ եւ հեռանալ, քանի որ անկախ սպառնալիքներից, իրենք շարունակելու են աշխատանքը։ Բեյբությանն ասել է իր ասելիքը, մեքենայով հարվածել է «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին եւ հեռացել։ Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վարորդները շարունակել են իրենց աշխատանքը՝ տուրք չտալով Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանի սպառնալիքներին։
Դանակի սպառնալիքով ահաբեկել է
Ըստ էության, Արամ Բեյբությանին դուր չի եկել այդ փաստը, եւ նա դանակը ձեռքին կանգնել է «Երկրապահ» կամավորականների միության եւ Էջմիածնի քաղաքապետարանի շենքի մոտ՝ կանգնեցնելով քաղաքային տրանսպորտը։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արամ Բեյբությանը «փողոցում կանգնեցրել է թիվ 3266 Լ մակնիշի միկրոավտոբուսը եւ դանակը դրել մեքենայի ուղեւորներից մեկի վզին՝ հորդորելով վարորդին, որ դադարեցնի երթեւեկությունը»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում