Aravot.am-ը Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեց դպրոցի մանկահասակ սաներին մասնակից դարձնել մեծանուն երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստյան արարողությանը եւ կանգնեցնել դիակի մոտ:
«Օֆելյա Համբարձումյանը Ջիվանու դպրոցի հետ շա՜տ կապված է եղել, շատ սիրում էր մեր դպրոցը եւ ինքնաբուխ ցանկություն առաջացավ, որ իր դպրոցի սաները գան եւ հարգանքի տուրք մատուցեն սիրելի երգչուհուն, որեւէ պարտադրանք չի եղել»,-ասաց Թովմաս Պողոսյանը:
Մեր տարակուսանքին՝ բայց չէ՞ որ երեխաները փոքր են, լուսանկարից էլ երեւում է, թե ինչ վախեցած են, Թովմաս Պողոսյանը հակադարձեց. «Ինչքա՞ն փոքր, իսկ որ երեք տարեկանի ձեռքին ավտոմատը դրած ճոճում են ամբողջ ֆեյսբուքով մեկ, փոքր չե՞ն»:
Նա ասաց, որ կատարվածի մեջ վատ բան չի տեսնում, երեխաներն եկել են իրենց ցանկությամբ՝ ծնողների հետ եւ նախաձեռնությամբ: Նրանք սրճարանում են սպասել, իսկ ովքեր ցանկացել են մասնակցել՝ մասնակցել են:
Կարդացեք նաև
Երբ Թովմաս Պողոսյանին փոխանցեցինք, որ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն աննորմալություն է որակել այդ նախաձեռնությունը, ՀՀ ժողովրդական արտիստն ասաց. «Դե հիմա ի՞նչ անեմ, փոխնախարար է՝ կասի»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ