Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանին ապօրինաբար փորձել են բերման ենթարկել

Հունիս 17,2016 12:54

«Իրենք պիտի գան օրենքի դաշտ: Իրենք այդ ձեւով քաղաքացիներին էլ են տանում ու հարցաքննում, բայց մարդը պիտի իմանա`ի՞նչ կարգավիճակով է ներկայանում հարցաքննության: Էդպես տանում են, մարդն էլ չգիտի`ի՞նչ իրավունք ունի, ինչ չունի ու հետո գործ են սարքում: Հիմա, քանի որ լրագրողի հետ գործ ունեին, փաստորեն, չկարողացան իրենց մտադրությունը մինչեւ վերջ հասցնել ու երբ ապօրինությունը հրապարակային է դառնում, հրաժարվում են, ասում են` այդպիսի բան չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյանն` անդրադառնալով թերթի լրագրող Քնար Մանուկյանի հետ կատարվածին:

Հիշեցնենք, առավոտյան, նրան փորձել էին բերման ենթարկել: Դեպքը վերաբերել է թերթի մի հրապարակման, համաձայն որի, 2016 թվականի մարտի 15-ին (երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն որսը չէր սկսվել) ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Ս. Խաչատրյանի դեմ:

Berman entarkelu grutyun

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երկու օր առաջ Քննչական կոմիտեից գրություն է ուղարկվել լրագրողին, քննիչ Գ. Խաչատրյանի մակագրությամբ, որ ինքը վերոնշյալ քրեական գործի շրջանակներում հրավիրվում է Քննչական կոմիտե:

Լուսանկարը՝ armlur.am-ի

Լուսանկարը՝ armlur.am-ի

Խմբագրությունը պաշտոնապես պատասխանել է գրությանը`նշելով, որ այն ամենն ինչ- որ գիտեն, ամբողջությամբ հրապարակել են, ավելին ոչինչ չգիտեն: Խոստացել են, առաջիկայում որեւէ այլ նոր տեղեկություն ունենալու դեպքում այն ևս անպայման հրապարակել: Իսկ քանի որ լրագրողն այդ գործով ոչ վկայի, ոչ որեւէ այլ կարգավիճակ չունի, տեղեկացրել են, որ չի ներկայանալու:

Այսօր առավոտյան 9. 30-ի սահմաններում լրագրողի բնակարան են ներկայացել ռազմական ոստիկանության աշխատակիցներ` նրան բերման ենթարկելու համար: «Ես, Թագուհին հասանք Քնարենց տուն, այդ պահին եկան նաեւ օմբուդսմենի գրասենյակի`արագ արձագանքման խմբի անդամները ու փաստորեն, բերման ենթարկելը կանգնեցրեցինք: Մենք փորձում էինք իրենց բերել օրենքի դաշտ ու բացատրել, որ բերման ենթարկելու որոշումն օրենքից դուրս է: Այդ մարդիկ էլ ասում էին՝ մենք ունենք ձեռքներիս որոշում, այն պետք է կատարենք`առանց վիճարկելու օրինական է, օրինական չէ: Պարզելու էդ գործընթացի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառումն արեց, որ սուտ է, նման բան չկա: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ լրագրողներին մեկնաբանություններ էր տվել, որ սուտ է, նման բան չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց Վահագն Հովակիմյանը:

Մամուլի պատասխանատուների այդ հայտարարություններից հետո, ռազմական ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որ համաձայն այսինչ որոշման ներկայացել են տվյալ բնակարան, այդ պահին եկել են լրագրողներ, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն ու իրենք հեռացել են:

«Առավոտի» կողմից հավելենք, որ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը վերաբերել էր նրան, որ լրագրողին բերման ենթարկել փորձողները ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցները չէին. «Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»:

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը. «Ապրիլի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ:  Այս մասին եղան նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում: Հաղորդման հիման վրա անմիջապես իմ հանձնարարությամբ նախաձեռնվել է աշխատակազմի արագ արձագանքման այց լրագրողին բերման ենթարկելու վայր: Արդեն իսկ իմ կողմից որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին: Տեղեկացնեմ, որ լրագրողը բերման ենթարկված չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բերման ենթարկելու փորձի լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930