Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագնի իջեցումը՝ նախընտրական ակցիա

Հունիս 17,2016 12:38

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի իջեցումն ավելի շատ կապված է նախընտրական տարվա հետ: Ըստ նրա՝ 2,58 դրամն այն առավելագույն չափը չէ, որ պետք է նվազեր էլեկտրաէներգիասակագինը:

Նշենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 48,78 դրամից դառնալու է 46,2 դրամ. սակագինը նվազելու է 2,58 դրամով: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Խաչատրյանն այս առիթով նկատեց. «Տնտեսության վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենալու. մոտ ութ միլիոն դրամի տնտեսում, իսկ ամեն ընտանիքի համար ամսական խնայողությունը կլինի 680-700 դրամ»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է օգոստոսից սուբսիդավորումը կառավարությունը դադարեցնի, փաստեց. «Ըստ էության, մենք ունենք սակագնի բարձրացում: Եթե օգոստոսի 1-ից սուբսիդավորումը վերանում է, ստացվում է, որ ունենք սակագնի բարձրացում»:

Տնտեսագետները մտահոգություն հայտնեցին, որ ներդրումների անվան տակ թույլ չեն տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելի մեծ նվազեցում տեղի ունենա: Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ 2,5 դրամի նվազեցումը կոմպրոմիսային թիվ է, ոչ թե այն չափը, որով իսկապես կարող էին իջեցնել սակագինը: Տնտեսագետը նաև իրատեսական չի համարում այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է ևս մեկ անգամ նվազեցվել:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը հիշեցրեց, որ 24 միլիարդի պարտքը, որը ձևավորվել էր փնթի աշխատանքի պատճառով՝ կոպեկ առ կոպեկ փակեց բնակչությունը: Պարոն Մարգարյանը մտահոգություն հայտնեց, որ մեզանում էլեկտրաէներգետիկայի ոլորտը հնացած մեթոդներով է կարգավորվում, այնինչ նույնիսկ Ղրղզստանն է հրաժարվել այս մեթոդներից. «Անգամ Բելառուսում կորուստները կազմում են 8-9%, իսկ մեզ մոտ աննախադեպ ցուցանիշ է՝ 12-13%»:

Ատոմ Մարգարյանը նշեց. «Ոչ ոք չի ասել, որ սուբսիդավորման մեխանիզմը կհանվի, ուստի սուբսիդավորման ծավալի ինչ-որ տարրեր կպահպանվեն, եթե ոչ հիմա, ապա աշնանը նման որոշումներ պիտի որ կայացվեն»:

Վահագն Խաչատրյանը փաստեց, որ երբ ժամանակին ուզում էին հասկանալ, թե գազի գինն ինչպես է հաշվվում, այն ժամանակ նույնիսկ վարչապետի մակարդակով պարզաբանել են, թե գազի գնի հիմքում դրվում է Օրենբուրգ քաղաքի գազի գինը, որտեղ սակագինը 50-60 դոլար է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պարոն Խաչատրյանը հայտարարեց. «Գազի սակագինը պետք է մեզ մոտ լինի 90-100 դոլար»:

Դառնալով անցյալ տարի հունիսին բռնկված «Electric Yerevan» պայքարին, պարոն Խաչատրյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Այդ պայքարի իմաստն այն էր, որ սակագինը բարձրացվեր ու հայտնվեր նոր սեփականատեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930