Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ատոմակայանի տնօրենը թող իր շորթած $20 մլն-ը բերի վերադարձնի, որ նստած է՝ մեր ի՞նչն է թեթեւանում». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 17,2016 12:33

Կողմ 102, դեմ 4, ձեռնպահ 2՝ որոշումն ընդունվել է: ԱԺ-ում այսօր այսպես քվեարկեցին Գյումրիի քաղաքային ճանապարհների համար վարկային համաձայնագրին : 4 դեմ քվեարկողներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Նա բացատրեց. «2012-ին, ինչ ես պատգամավոր եմ, բոլոր վարկային ծրագրերին, առանց բացառության, քվեարկել եմ դեմ: Եթե որեւէ մեկը համարում է, որ իշխանությունը կոռումպացված է, նշանակում է չի կարելի կոռումպացված իշխանությանը վստահել այդ միջոցների ծախսումը: Հետևաբար` համարում եմ նաեւ, որ եթե որեւէ մեկը կառավարությանը համարելով կոռումպացված՝ կողմ է քվեարկում, ուրեմն վստահություն է տալիս էդ վարկային համաձայնագրերի կոնտեքստում կառավարությանը, կամ ուղղակի հանդես է գալիս էդ միջոցները փոշիացնելու հանցակցի դերում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքեբելյանի համար Փաշինյանի մոտեցումն անհասկանալի է: Նա ասաց, որ Փաշինյանի մտահոգությունը հասկանում է, բայց ՀՀ-ում կան ենթակառուցվածքներ, որոնք այսպես թե այնպես փոշիանում են. «Այսինք, մենք հիմք ընդունենք, որ կառավարությունը կոռումպացված է եւ չքվեարկենք կողմ այն հնարավորությանը, որ այդ ենթակառուցվածքները վերականգնվեն, ինձ համար անհասկանալի է: Եթե այդպես է, ուրեմն կառավարության հետ ընդհանրապես պետք է որեւէ հարց ու պատասխան էլ չունենանք: Ես կողմ եմ քվեարկելու»:

Փաշինյանն էլ Քոքոբելյանի տրամաբանությունը չընդունեց. «Ինֆրաստրուկտուրաները փոշիացնողներին վարկ ենք տալիս, ասում ենք՝ դե ձեր փոշիացման հետեւանքները վերացրեք: Հետո մի հատ էլ ենք վարկ տալիս, ասում ենք, որ փոշիացման հետեւանքները վերացնենք: Էս շղթան պետք է կտրել»:

Քվեարկության դրվեց նաեւ Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր վարկային համաձայնագիրը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ատոմակայանի եւ Երեւանի ՋԷԿ-ի հարցում սխալ է վարկ վերցնել, պետք չի, որ պետությունը ձեռնարկության ռիսկը վերցնի իր վրա: ԲՀԿ-ն միանշանակ դեմ է լինելու այս վարկին:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ միանում է Միքայել Մելքումյանի մտահոգությանը. «Ատոմակայանի տնօրենը մեղադրվեց 20 մլն դոլար շորթելու մեջ: Ուրեմն թող էդ 20 մլն դոլարը բերի վերադարձնի ու այս վարկային պայմանագրից 20 մլն-ը դուրս գա, համակարգն առողջացնենք: Չի կարելի արդարացնել անընդհատ ինչ-որ հանցագործների ու բեռը դնել ՀՀ քաղաքացիների վրա: Հիմա որ նստած է եւ չի վերադարձնում 20 մլն դոլարը, դրանից մեր ի՞նչն է թեթեւանում»:

Այնուամենայնիվ, այս վարկային համաձայնագիրը եւս ընդունվեց՝ 70 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930