Երեկ` հունիսի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատական նիստի հետաձգումից հետո փորձում էր հարձակվել տուժողի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Դանիելյանը հայհոյանքներ և սպառնալիքներ տալով` հայտարարում էր, որ տուժողի «գլուխը ջարդելու» է: Նա նույնիսկ փորձեց հարձակվել տուժողի վրա, սակայն դատական կարգադրիչներն ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացան կանխել ամբաստանյալի հարձակումը տուժողի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վ. Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 258 հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ավազակային հարձակման է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Ա. Ա.-ին` հափշտակելով 295 հազար ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, որը կատարել են 2015 թ-ի հոկտեմբերի 1-ին` Թբիլիսյան խճուղու վրա գտնվող Լամպերի գործարանի մոտ: Այդ օրը, գիշերը ժամը 03:20-ի սահմաններում տուժող Ա. Ա.-ն մեքենայով ընթանալիս է եղել , երբ կանգնեցրել և խնդրել են, որ մի 2 կանգառ իրենց իջեցնի ներքև: Ա. Ա.-ն էլ բարի կամք դրսևորելով` տեղափոխել է նրանց, ինչից հետո պարզվել է, որ ավտոմեքենայից գաղտագողի հափշտակել են հեռախոսը: Նրանց մեղադրում են նաև մի քանի դրվագներով` քրեական հանցագործություն կատարելու մեջ:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում