Պաշտոնական Անկարան հրապարակել է 9 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը նպատակ ունի կարգավորել Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները, որոնց պատճառ էր դարձել 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ-ի կողմից խոցված ռուսական ուղղաթիռը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը։
Թուրքական կողմը նպատակ ունի կարգավորել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ այդ գործում ներգրավելով քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Սրանից բացի, պաշտոնական Անկարան նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան հրաժարվում է միջնորդական առաքելություն ստանձնելու պատրաստակամություն հայտնած որևէ պետության ծառայություններից՝ հաշվի առնելով միջնորդների ջանքերով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ոչ դրական նախադեպը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 15-ը։ Թուրքական կողմի հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը բարիդրացիական հարաբերություններ սահմանել Ռուսաստանի հետ, իսկ դրանից հետո՝ մինչև դեկտեմբերի 15-ը, բարձր մակարդակի հասցնել այդ հարաբերությունները՝ ինչպես անցյալում էր՝ մինչև ռուսական ուղղաթիռի խոցումը։
Մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը թուրքական կողմը մտադիր է հաշվարկել տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ոլորտների այն վնասները, որոնք կրել է Թուրքիան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով։ Սեպտեմբերի 1-ից հետո՝ մինչև դեկտեմբերի 15-ը, նախատեսվում է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու համար։